01/03/2018 10:13
Աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր կարգելվի. ԱԺ-ն օրենք ընդունեց
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքի նախագիծը: Դեմ քվեարկեցին «Ելք» ու «Ծառուկյան» խմբակցությունները։
Նախագծով առաջարկվում է 2018 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ՀՀ տարածք մինչև Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 877 որոշման մեջ լրացում կատարելու և աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող երկրների ցանկում համապատասխան լրացում կատարելը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պատճառաբանմամբ արգելքը դրվում է, քանի որ Հայաստանում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգավոր է: Ըստ նախարարության՝ աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդն ունի սահմանափակ տեսանելիություն: