02/03/2018 19:43
Ավելի քան 2500 շարքային բրիտանացիներ հրավիրվել են արքայազն Հարրիի հարսանիքին
Բրիտանացի արքայազն Հարրին և նրա հարսնացուն՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը, իրենց հարսանիքին Վինձորի դղյակ են հրավիրել երկրի 2 հազար 640 շարքային բնակիչների, հայտարարել են Քենսինգթոնի պալատից:
Պսակադրությունը կկայանա մայիսի 19-ին Սուրբ Գեորգիի մատուռում, բուն արարողությանը ներկա կլինեն զույգի հարազատները և ընկերները, Եվրոպայի թագավորական ընտանիքների անդամները, նաև պաշտոնատար անձինք:
Եկեղեցուց անմիջապես հետո նորապսակները կառքով կանցնեն Վինձորի կենտրոնով՝ դրանով իսկ հնարավորություն ընձեռելով տոնին մասնակցելու շատ ավելի մեծ թվով մարդկանց:
Նրանց թվում, ովքեր հնարավորություն կունենան լավագույն տեղերից դիտելու փեսացուի, հարսնացուի և հյուրերի ժամանումը եկեղեցի, իսկ այնուհետև տեսնել նորապսակներով կառքի դուրս գալը Վինձորի դղյակից, կլինեն 1,2 հազար երիտասարդներ, որոնք առաջնորդի որակներ են ցուցաբերել տարբեր ոլորտներում, ինչպես նաև տարբեր բարեգործական կազմակերպությունների 200 ներկայացուցիչներ, տեղական դպրոցների 100 աշակերտներ և թագավորական պալատների ավելի քան հազար աշխատակիցներ: