03/03/2018 14:00
Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպը ահաբեկչություն էր. Գոռ Վարդանյանի բացառիկ հարցազրույցը (Տեսանյութ)
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանն Aysor.am-ի հետ բացառիկ հարցազրույցում խոսել է Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի, իր մասնակցությամբ դրվագների, բռնության տեսարանների մասին։
Մասնագիտությամբ հակաահաբեկիչ Գոռ Վարդանյանը վստահ է՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության կողմից իրականացված գործողությունը, միանշանակ, ահաբեկչության փորձ էր Տարոն Մարգարյանի դեմ։
«Ես, որպես հակաահաբեկչության մասնագետ, մասամբ կանխեցի ահաբեկչությունը՝ «Երկիր Ծիրանի»-ի անդամներին հեռացնելով դահլիճից, դժվարությամբ, բայց հեռացրեցի», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Գոռ Վարդանյանը։
Aysor.am-ը պատրաստ է ներկայացնել «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների տեսակետը այս առնչությամբ:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Aysor.am-ը տեղեկացրել էր, որ փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում «Երկիրր Ծիրանի» խմբակցության անդամները տարաներով կոյուղաջրեր էին բերել՝ հայտարարելով, թե Նուբարաշենի բնակիչներն ամեն օր այդ գարշահոտն են շնչում։ Դա առաջացրեց Հանրապետական խմբակցության անդամների դժգոհությունը: Նրանք փորձեցին թույլ չտալ, որպեսզի կոյուղաջրով լի տարաները մոտեցնեն նիստը վարող քաղաքապետ Տարոն Մարգարյանին։
Արդյունքում առաջացավ քաշքշուկ, և Հանրապետական խմբակցության անդամներից մի քանիսը՝ Հովհաննես Ավանեսյանը, Դավիթ Օհանյանը, Սերգեյ Մկրտչյանը, Վասպուրակ Մարտիրոսյանը քաշքշում էին կանանց, իսկ Էդմոնդ Կիրակոսյանը նույնիսկ ապտակեց «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանին։ Ավելին, Վասպուրակ Մարտիրոսյանն էլ թիկունքից քաշել էր Մարինե Խաչատրյանի մազերը։ Երբ կրքերը թեժացան, քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը գրկեց Մարինե Խաչատրյանին և ուժով դուրս բերեց դահլիճից։
Կատարվածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 118-րդ հոդվածի՝ «Ծեծը» և 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով»։