05/03/2018 22:44
«Ժխտման ճարտարապետների» հեղինակները չեն վախենում Թուրքիայի և Ադրբեջանի «սև ցուցակներից». նրանց կողքին է Սուպերմենը
Մարտի 5-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցած «Ժխտման ճարտարապետները» փաստավավերագրական ֆիլմի փակ ցուցադրությանն ընդառաջ ֆիլմի գործադիր արտադրողներ, դերասան և պրոդյուսեր Դին Քեյնը, ով հանրությանն առավել ծանոթ է «Լուիս և Քլարկ. Սուպերմենի նոր արկածները» հեռուստասերիալի գլխավոր դերակատարմամբ, և ճանաչված հաղորդավար ու նախկին զինվորական Մոնթել Վիլիամսը հանդիպեցին լրագրողների հետ:
Հայոց ցեղասպանությանն առնչվող փաստավավերագրական ֆիլմը նկարահանվել է շուրջ 5 տարվա ընթացքում՝ ավարտին հասնելով և էկրան բարձրանալով 2017 թվականին:
Ցուցադրվել է 100 կինոթատրոններում և հեռուստաալիքներով: Հիմնված է պատմաբանների ուսումնասիրությունների և ցեղասպանությունից փրկվածների պատմությունների վրա: Ֆիլմում ներառված են մի շարք փորձագետների վկայություններ, ովքեր ներկայացնում են պատմության «ժխտողականության» կապն աշխարհի տարբեր անկյուններում ներկայումս տեղի ունեցող էթնիկ զտումների և մարդկության դեմ հանցագործությունների հետ: Ֆիլմի հեղինակների նպատակն է այն տարածել ամբողջ աշխարհում:
«Մենթելը և ես լավ ընկերներ ենք, բայց քաղաքական հարցերում հաճախ միմյանց հետ համաձայն չենք լինում: Սակայն կա մեկ հարց, որի շուրջ մենք միակարծիք ենք՝ Ցեղասպանությունը մեկ անուն ունի՝ Ցեղասպանություն, և այն պետք է ճանաչվի աշխարհի կողմից: Մենք միավորվեցինք, որպեսզի աշխարհին պատմենք Ցեղասպանության պատմությունը: Բնականաբար, դուք գիտեք դրա մասին, բայց ԱՄՆ-ում ոչ բոլորն է, որ տեղյակ են, թե ինչ է եղել: Մենք պետք է նրանց էլ եղելության մասին պատմենք», - հանդիպման ժամանակ նշեց Դին Քեյնը:
Մոնթել Վիլիամսը խոստովանեց՝ Հայոց ցեղասպանության մասին առաջին անգամ տեղեկացել է հենց գործընկերոջից ու զարմացել.
«Ես 22 տարի ծառայել եմ ամերիկյան բանակում, ինձ համարում եմ ռազմական պատմաբան, ու եթե տեղյակ չեմ այդ մասին, ապա զարմանալու ոչինչ չկա, որ շատ-շատերը անտեղյակության մեջ են: Ես էլ որոշեցի, որ անհրաժեշտ է մարդկանց պատմել, բացահայտել այս պատմությունը: Հայերի ցեղասպանության ճանաչված չլինելը պատճառ ու արդարացում է դառնում բազմաթիվ այլ ցեղասպանությունների: Բավակա՛ն է, պետք է այս հարցը բարձրացվի և լուծում ստանա: Սա ատելություն է մի ամբողջ ազգի նկատմամբ, և ես ուզում եմ, որ այդ ատելությունը վերանա»:
Ի դեպ, Քեյնը 1915 թվականի եղելության մասին լսել է Պրիստոնի համալսարանում սովորելու տարիներին: Այդ մասին նրան պատմել է ընկերը՝ Քեվին Մաթոսյանը:
Բանախոսներին անհանգստացնում է այն հանգամանքը, որ սկսած 1800-ականների վերջին տեղի ունեցած համիդյան ջարդերից՝ աշխարհը լռել է ու չի փորձել կանգնեցնել արյունահեղությունը: Նկատեցին՝ գուցե հենց դա է պատճառը, որ 1915 թվականի կազմակերպիչներն ասացին՝ ոչ ոք չի հիշում, նույնկերպ արտահայտվեց նաև Հիտլերը՝ իրականացնելով հրեաների ցեղասպանությունը: Այսօր էլ նույնը կրկնվում է Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում, հարավ-արևելյան Ասիայում…
Ֆիլմն իր տեսակով միակն է, որն անդրադառնալով 1915 թվականի Ցեղասպանությանը՝ չի շրջանցել նաև Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի խնդիրը, արցախյան շարժումն ու սահմանին տիրող մերօրյա լարվածությունն ու վայրագությունները: Բանախոսները շեշտեցին՝ չճանաչված Ցեղասպանության արդյունքում նույնը կարող է կրկնվել այսօր Լեռնային Ղարաբաղում:
Փաստագրական ֆիլմում նկարահանվածներից ոմանց անունը ծածուկ է պահվում, քանի որ վախենում են հետապնդումներից:
Հարցին՝ չե՞ն վախենում արդյոք Թուրքիայի և Ադրբեջանի սև ցուցակում հայտնվելուց, Մ. Վիլիամսը կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց՝ իր կողքին Սուպերմենն է, ինքը վախենալու ոչինչ չունի: Հետո հավելեց՝ իրենք ԱՄՆ-ում ճանաչում ու դիրք ունեցող մարդիկ են ու անհանգստանալու պատճառ չունեն:
«Պատրաստվու՞մ եմ արդյոք վաղն այցելել Թուրքիա կամ Ադրբեջան՝ ո՛չ», - ընդգծեց Վիլիամսը:
Դին Քեյնը հարցին այլ տեսանկյունից մոտեցավ. շարքային թուրքերը, ամերիկացիները շատ լավ գիտեն ու չեն ժխտում Ցեղասպանության փաստը, միայն կառավարությունն է, որ քաղաքական որոշակի պատճառներից ելնելով չի ճանաչում այն:
Գովազդային արշավի ժամանակ դարի առաջին Ցեղասպանությանն անդրադարձող այս ֆիլմը խոչընդոտների էլ է բախվել, միակ անհաղթահարելին Վաշինգտոնում էր, երբ չթույլատրեցին, որ քաղաքային տրանսպորտի վրա հսկա բաներներ փակցնեն: Դին Քեյնը և Մոնթել Վիլիամսը պատրաստվում են դատարան դիմել այդ արգելքի համար: