05/03/2018 12:22
Իտալիայի խորհրդարանի ընտրություններում առաջատար է Աջ կենտրոնամետ կոալիցիան
Իտալիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի ընտրություններում Աջ կենտրոնամետ կոալիցիան հավաքել է ձայների 37 տոկոսը: Այդ մասին վկայում են երկրի ՆԳՆ ներկայացրած տվյալները, որոնք ստացվել են քվեաթերթիկների կեսի արդյունքների ամփոփումից հետո, փոխանցում է РИА Новости-ն:
Կոալիցիայի մեջ մտնող կուսակցություններից «Լիգան» ստացել է ձայների 18,3 տոկոսը, նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի «Հառաջ, Իտալիա»-ն՝ 14,1 տոկոսը: «5 աստղերի շարժում» կուսակցությունը հավաքում է ձայների 31,2 տոկոսը, ինչը լավագույն ցուցանիշն է, որը կարողացել է ստանալ առանձին կուսակցությունը:
Ձախ կենտրոնամետ կոալիցիան՝ կառավարող Դեմոկրատական կուսակցության գլխավորությամբ, ստանում է ձայների 24,15 տոկոսը:
Ստորին պալատի՝ Պատգամավորների պալատի ընտրություններում ամփոփվել են քվեաթերթիկների քառորդ մասի տվյալները. աջ կենտոնամետներն ունեն 36,6 տոկոս («Լիգան»՝ 18,9 տոկոս, «Հառաջ, Իտալիա»-ն՝ 13,2 տոկոս), «5 աստղերի շարժումը»՝ 30 տոկոս, ձախ կենտրոնամետները՝ 24, 9 տոկոս (Դեմկուսակցությունը՝ 20,4 տոկոս):