
05/03/2018 12:16
Եթե քաղաքական թիմը որոշում կայացնի, Սերժ Սարգսյանը պետք է ենթարկվի ու դառնա վարչապետ. Վահրամ Բաղդասարյան
Սերժ Սարգսյանը միանձնյա որոշումներ չի կայացնում, այդ որոշումը պետք է կայացնի թիմը, իսկ անձը՝ ենթարկվի, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով 2014-ին Սերժ Սարգսյանի արած այն հայտարարությանը, թե ինքը չի հավակնելու ո՛չ նախագահի, ո՛չ վարչապետի թեկնածությանը։
«Եթե կլինեն թեկնածուներ, որ կհրաժարվեն և դա հիմնավոր կլինի, ապա մենք կքննարկենք», - նշեց նա։
Դիտարկմանը, որ եթե Սերժ Սարգսյանը չցանկանա վարչապետի պաշտոնը ստանձնել, բայց քաղաքական թիմը նման որոշում ունենա, արդյոք Սերժ Սարգսյանը ստիպված կլինի ենթարկվել և դառնալ վարչապետ, Բաղդասարյանը արձագանքեց. «Բա իհարկե»։
Դիտարկմանը, թե ԱԺ կանոնակարգի համաձայն վարչապետի ընտրությունները պետք է անցկացվեն մայիսի 2-ի ԱԺ նիստում, մինչդեռ ընդդիմության պնդմամբ հիմա կա որոշում վարչապետի թեկնածու առաջադրել ապրիլի 16-ին, իսկ ընտրությունները ԱԺ-ում կազմակերպել ապրիլի 17-ին, Բաղդասարյանն ասաց, որ նման որոշում իրենք չունեն (այս հարցը ԱԺ ճեպազրույցներում բարձրաձայնել էր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը - Aysor.am)։
«Կանոնակարգի կամ օրենսդրության խախտում թույլ չենք տվել։ Կարող են այդ հարցը բարձրացնել, կտանք դրանց բացատրություննները, իսկ վարչապետի ընտրությունը կկազմակերպվի կանոնակարգի համաձայն։ Որևէ խախտում չի լինի», - նշեց նա։
Հարցին, թե արդյոք «Ելք»-ին կհաջողվի տասնյակ հազարավոր մարդիկ հավաքել, որոնք դեմ կլինեն վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը, Բաղդասարյանը նշեց.
«Կարող եք հետևել վերջին տարիների ընթացքում ըննդիմության կազմակերպած ցույցերին ու անել հետևություններ»։
Վահրամ Բաղդասարյանը նաև նկատեց, որ այնպիսի տպավորություն է, թե «Ելք»-ն արդեն առաջադրել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, մինչդեռ ՀՀԿ-ն որևէ քննարկում դեռ չի ունեցել։
«Անականկալների մի սպասեք։ Մենք որոշում չունենք, իսկ քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում։ Ամեն օր փոխվում են բաներ։ Մենք կքննարկենք, ձեզ տեղյակ կպահենք», - հավելեց նա։