06/03/2018 20:32
Արգենտինայի նախկին նախագահը կկանգնի դատարանի առաջ՝ ահաբեկչության հետ կապերի համար
Արգենտինայի ֆեդերալ դատավոր Կլաուդիո Բոնադիոն որոշում է կայացրել լսումներ սկսել 1994 թվականին Բուենոս Այրեսում կատարված ահաբեկչական գործողության հետաքննությանը խոչընդոտելու գործով, որում որպես մեղադրյալ է անցնում սենատոր և երկրի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները, հայտնել է Դատական տեղեկատվության կենտրոնը, փոխանցում է ТАСС-ը:
«Հաշվի առնելով հավաքված ապացույցները՝ դատարանը պահպանված է համարում այն պահանջները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի գործն անցնի հաջորդ փուլ», - ասված է որոշման մեջ:
Դատարանի առաջ պետք է կանգնի նաև արտաքին գործերի նախկին նախարար Էկտոր Տիմերմանը: Գործի հարուցման համար հիմք են դարձել այն մեղադրանքները, որոնք 2015 թվականի հունվարին Ֆերնանդես դե Կիրշների և Տիմերմանի նկատմամբ առաջադրել էր դատախազ Ալբերտո Նիսմանը: Նա հիշեցրել է, որ նախորդ կառավարությունն Իրանի հետ բանակցություններ է վարել Արգենտինայի համար շահավետ առևտրական համաձայնագրի շուրջ: Ընդ որում, ինչպես պնդել է դատախազը, համաձայնագրի պայմաններից մեկը եղել Է պատասխանատվությունից հինգ իրանցիների ազատումը, որոնք Արգենտինայի կողմից հետախուզվում էին այն ահաբեկչությանը մեղսակից լինելու կապակցությամբ, որը 85 մարդու կյանք է խլել:
Այն բանից մեկ օր առաջ, երբ Նիսմանն իր ապացույցները պետք Է ներկայացներ Կոնգրեսին, նրան մեռած են գտել իր բնակարանում: Գործի հարուցումից հետո Ֆերնանդես դե Կիրշների, որն ազատության մեջ է մնում խորհրդարանի անձեռնմխելիության շնորհիվ, և գործի արդեն կալանավորված մյուս ֆիգուրանտների փաստաբանները գանգատարկել են Բոնադիոյի վճիռը, նաև պահանջել են պաշտոնաթող անել նրան: Պաշտպանության կարծիքով, նրա որոշումները հակասում են օրենքին և քաղաքական դրդապատճառներ ունեն: