12/03/2018 22:36
Հրայր Թովմասյանը լքել է Հանրապետական կուսակցությունը
Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանը, որն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կողմից այսօր առաջադրվել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում, Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել, Aysor.am-ին տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հարցերով պատասխանատու Ռուբեն Թադևոսյանը։
«Հրայր Թովմասյանը Հանրապետական կուսակցությունից դուրս գալու մասին դիմում է ներկայացրել վերջերս», - ասաց Ռ.Թադևոսյանը։
Նշենք, որ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է ՍԴ անդամին ներկայացվող պահանջները։
Ըստ այդմ՝
1. Սահմանադրական դատարանի անդամ կարող է լինել 35 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող այն քաղաքացին, որը չունի այլ պետության քաղաքացիություն, ունի բարձրագույն իրավաբանական կրթություն կամ սահմանադրական իրավունքի ոլորտում գիտական աստիճան, ինչպես նաև իրավունքի ասպարեզում առնվազն տասը տարվա աշխատանքային ստաժ և տիրապետում է հայերենին։
2. Սահմանադրական դատարանի անդամ նշանակելիս Ազգային ժողովը և Հանրապետության Նախագահը պետք է հաշվի առնեն նաև Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուի բարոյական հատկանիշները:
3. Սահմանադրական դատարանի անդամը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել իր պարտականությունների հետ չկապված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, պաշտոն առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, որը չպետք է խոչընդոտի Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունների իրականացմանը և չի կարող հարգելի պատճառ համարվել Սահմանադրական դատարանի նիստերից բացակայելու համար։
4. Սահմանադրական դատարանի անդամը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ։