12/03/2018 13:54
Չինական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում ճանապարհաշինական ծրագրերով
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 12-ին ընդունել է քուվեյթցի գործարար Չարլզ Հայդերին և «China State Construction Engineering» կորպորացիայի փոխնախագահ Սյու Թաոյին։
Հյուրերը ներկայացրել են իրենց գործունեության շրջանակները՝ ընդգծելով, որ առավելապես հետաքրքրված են Հայաստանում պետություն - մասնավոր հատված համագործակցությամբ կատարվող ճանապարհաշինական ծրագրերով։
Նշվել է, որ «China State Construction Engineering» կորպորացիան աշխարհում շատ մեծ ճանաչում ունեցող կազմակերպություն է, որը 100-ից ավելի երկրներում շուրջ 5600 ծրագիր է իրականացրել։ Կառուցում են բարձրորակ, ժամանակակից շենք -շինություններ, օդանավակայաններ, արագընթաց մայրուղիներ ու երկաթուղիներ, թունելներ ու կամուրջներ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները։
Նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող ճանապարհաշինական ծրագրերը և առաջարկել մասնակցություն ունենալ հարավային հատվածի շինարարությանը, որը նույնպես իրականացվում է պետություն - մասնավոր հատված ձևաչափով։
Չարլզ Հայդերը նշել է, որ Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը մեծ պոտենցիալ ունեն, ուստի հույս ունեն հնարավորին շուտ սկսելու իրենց առաջին ծրագիրը Հայաստանում։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել նախարարության և չինական կազմակերպության մասնագետների հանդիպում՝ քննարկելու հնարավոր համագործակցության տարբերակներն ու պայմանները։