13/03/2018 12:01
Եվրամիության հետ նոր համաձայնագիրը քննարկելու որոշում Ազգային ժողովում դեռ չկա. Շարմազանով
Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը քննարկելու և վավերացնելու որոշում Ազգային ժողովում դեռ չկա։
Հիշեցնենք՝ նախագահ Սերժ Սարգսյանը ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարիի հետ հանդիպմանը նշել էր, որ, հավանաբար, մինչև ապրիլի վերջ Հայաստանը կվավերացնի համաձայնագիրը։
«Պարոն նախագահը հստակ նշել է, որ, ամենայն հավանականությամբ, մինչև ապրիլի վերջ այն կվավերացվի ու որևէ պրոբլեմ չեմ տեսնում, որ որևէ դժգոհություն լինի: Համենայնդեպս, բոլոր արարողակարգային գործընթացները պետք է անցնի ու գա պառլամենտ, իսկ պառլամենտում քաղաքական մեծամասնությունը և, կասեմ ոչ միայն մեծամասնությունը, իրենց դրական խոսքը կասեն: Բայց, եթե նույնիսկ, ընդդիմությունը դեմ էլ քվեարկի, մեր կոալիցիոն գործընկերների ձայները բավարար են, որպեսզի վավերացվի այդ համաձայնագիրը», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Հարցին՝ հնարավո՞ր է այս քառօրյայում քննարկում լինի, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Հիմա չէ, մինչև ապրիլ ոչ, որովհետև հիմա ԱԺ քառօրյայում ընդգրկված են ավելի շատ հարցեր, որոնք ուղիղ կապ ունեն Հայաստանի խորհրդարանական համակարգին անցման հետ: Իսկ մարտի 20-ին պետք է քննարկենք Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցը, դրանից առաջ կլինի Ազգային ժողովի խորհրդի նիստ և Ազգային ժողովի խորհուրդը կորոշի օրակարգ: Այս պահին դեռ օրակարգ չի քննարկվել», - ասաց նա։
Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ Ազգային ժողովի խորհրդի նիստը տեղի կունենա մարտի 19-ին։