14/03/2018 17:30
Շարժական արագաչափով առաջին խախտումն է բողոքարկվում
Վերջերս Հայաստանի ամբողջ տարածքում շրջանառության մեջ դրված շարժական արագաչափերից արդեն կան տուժածներ։ «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունը շարժական արագաչափի կողմից արձանագրված առաջին նման խախտումն է ստացել վարորդներից մեկից և արդեն իսկ դիմել է Վարչական դատարան՝ բողոքարկելու։
Շարժական արագաչափն «իր զոհին» ֆիքսել է Գորիս-Մեղրի մայրուղու 26-րդ կմ-ի վրա, Արտաշատի մոտ։ Վարորդը, ըստ խախտման մասին վարչական ակտի, թույլատրելի 100 կմ/ժ արագության փոխարեն մեքենան վարել է 125 կմ/ժ արագությամբ, ինչը ենթադրում է տուգանք 22.500 դրամով։
«Վարորդի ընկեր» ՀԿ-ի փոխնախագահ Դավիթ Պեդանյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս խախտման հետքերով բացի վարչական դատարան բողոքարկելը, դիմելու են նաև Ճանապարհային ոստիկանություն՝ պահանջելու շարժական արագաչափը գործարկելու մասին բոլոր փաստաթղթերը, լիցենզիաները։
«Պահանջելու ենք ճշգրտության բոլոր փաստաթղթերը՝ պարզելու՝ որքանով է սարքը ճշգրիտ ֆիքսում արագությունը», - նշեց Պեդանյանը։
Նա նաև կասկածներ ունի, որ շարժական արագաչափերը լիցենզավորված չեն, քանի որ նախկինում փորձը ցույց է տվել, որ եղել են արագաչափ սարքեր, որոնք լիցենզավորված չեն եղել։
Ավելի վաղ Ճանապարհային ոստիկանությունից հայտարարել էին, որ շարժական արագաչափերի գտնվելու վայրի մասին զգուշացնող որևէ նշան չկա, քանի որ փորձը ցույց է տվել, որ օրինախախտ վարորդներն արագաչափի մոտ չեն գերազանցում արագությունը, իսկ սարքի տեսադաշտից դուրս գալուց հետո շարունակում են վարել գերազանցած արագությամբ:
Շարժական արագաչափը նկարելու երկու ռեժիմ ունի՝ մեկը՝ կանգնած դիրքում նկարահանումն է, մյուսը՝ շարժական։
«Վարորդի ընկեր»-ի փոխնախագահի խոսքով, հնարավոր չէ ապացուցել՝ արագաչափը կանգնած է եղել այդտեղ, թե ոչ։
«Օրինակ՝ ՃՈ մեքենան երբ նույն գործողությունը կատարում է, տեսաձայնագրում է ու տեսանյութ է տեղադրում, իսկ այդ խախտման դեպքում լուսանկար է տրամադրվում։ Ինչպե՞ս են ապացուցելու, որ իրենց մեքենան ստատիկ, անշարժ դիրքում է գտնվել նկարահանում կատարելիս», - նշեց Դավիթ Պեդանյանը։
Շարժական արագաչափերը լուսարձակումներ չունեն, ինչպես փողոցներում տեղադրված արագաչափ սարքերը՝ նկարում են «սուսուփուս»։