14/03/2018 14:58
Ֆրանկֆուրտում տղամարդն աղբանոցից 8 միլիոն կեղծ եվրո է գտել
Ֆրանկֆուրտում հացի փռի աշխատակիցն աղբանոցից 8 միլիոն եվրո է հայտնաբերել և տարել դրանք ոստիկանություն, որտեղ պարզվել է, որ թղթադրամները կեղծ են: Այս մասին նշվում է իրավապահների տարածած մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է РИА Новости-ն:
Հաղորդվում է, որ 56-ամյա տղամարդը փողերը գտել է օրգանական թափոնների համար նախատեսված աղբամանի մեջ: Դրանք զգուշորեն փաթեթավորված և դրված էին ճամպրուկի մեջ: Ազնիվ քաղաքացին որոշել է տանել գտածոն ոստիկանություն, որտեղ ստուգումից հետո պարզվել է, որ թղթադրամները կեղծ են:
Այնուամենայնիվ, ոստիկանությունում բարձր են գնահատել տղամարդու քայլը: Կեղծ թղթադրամները տեղափոխվել են իրեղեն ապացույցների խցիկ: