15/03/2018 13:08
«Պոլիմետալ Արմենիա»-ն դադարեցնում է երկրաբանահետախուզական աշխատանքները Լոռիում և Տավուշում
«Պոլիմետալ Արմենիա» ՍՊԸ-ն Լոռու մարզի Ալավերդի և Շնող, Տավուշի մարզի Կողբ և Նոյեմբերյան համայնքներում դադարեցնում է հանքարդյունաբերական ներուժի բացահայտմանն ուղղված երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելը։
Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանը։
«Երեկ ընկերության ներկայացուցիչները եկել են, ոչ պաշտոնական հանդիպում ենք ունեցել։ Հասարակության տարբեր խավերից մարդիկ են ընդգրկվել, քննարկել ենք, ինչի արդյունքում էլ իրենց պարզ է դարձել, որ սա ոչ միայն իմ կարծիքն է, այլ հասարակությունը սա չի ցանկանում։ Հետևաբար, իրենք կայացրին ճիշտ որոշում, որովհետև ժողովրդին դեմ գնալը ճիշտ չէ», - ասաց Կարեն Աբազյանը։
Քաղաքապետը նշեց, որ առավոտյան հեռախոսազանգ են ստացել «Պոլիմետալ Արմենիա» ընկերությունից։ Վերջիններս տեղեկացրել են, որ իրենք պատրաստ են հրաժարվելու նախագծից։
«Մենք էլ ողջունեցինք, որ իրենք խելամիտ որոշում են կայացրել, որովհետև, ամեն դեպքում, հնարավոր չէր այս սահմանամերձ գոտում ժողովրդին պառակտելը կամ ավելորդ խնդիրներ առաջացնելը», - հաղորդեց Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանը։
Հիշեցնենք, որ համաձայն «Պոլիմետալ Արմենիա»-ի նախագծի` Ալավերդի և Շնող, Կողբ և Նոյեմբերյան համայնքների վարչական տարածքներում իրականացվելիք համալիր երկրաբանահետախուզության արդյունքներով ակնկալվում էր հայտնաբերել ու գնահատել ոսկու, արծաթի, պղնձի, մոլիբդենի, կապարի և ցինկի հեռանկարային հանքայնացումներ: Աշխատանքները նախատեսվում էր սկսել 2018-ի երրորդ եռամսյակում և ավարտին հասցնել 2021 թվականի երրորդ եռամսյակում:
Նշենք նաև, որ նախագիծը մեծ դժգոհություն էր առաջացրել վերոնշյալ համայնքների բնակիչների, բնապահպանների շրջանում։
Նախատեսվում էր մարտի 20-ին այս թեմայով Նոյեմբերյանում հանրային քննարկում կազմակերպել։ Քաղաքապետը տեղեկացրեց, որ այն նույնպես չեղարկվել է։