15/03/2018 19:42
Կանաչուտ համայնքում լրագրողի գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է Արարատի մարզային քննչական վարչություն. Դատախազություն
Fnews.am կայքի հրապարակումը` լրագրող Գայանե Զարգարյանի մասնագիտական գործունեության իրականացումը խոչընդոտելու վերաբերյալ, ուղարկվել է ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչություն՝ հրապարակման մեջ ներկայացվող հանգամանքներն ստուգելու և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար, հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Fnews.am ինֆորմացիոն կայքը տեղեկատվություն է հրապարակել այն մասին, որ Արարատի մարզի Կանաչուտ համայնքում խոչընդոտվել է լրագրող Գայանե Զարգարյանի կողմից իր մասնագիտական օրինական գործունեության իրականացումը, և նա ենթարկվել է հետապնդման:
ՀՀ Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանի հանձնարարությամբ հրապարակումը, որը ներկայացվել է որպես հաղորդում հանցագործության մասին, արդեն իսկ ուղարկվել է ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչություն՝ հրապարակման մեջ ներկայացվող հանգամանքներն ստուգելու և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու: Հանձնարարվել է այդ շրջանակներում անհապաղ ձեռնարկել քննչական և դատավարական այլ գործողություններ, մասնավորապես, իրականացնել դեպքի վայրի զննություն, առգրավել ավտոճանապարհի տվյալ հատվածում տեղակայված տեսագրող սարքերի միջոցով իրականացված տեսագրությունները, ինչպես նաև պարզել դեպքի ականատես անձանց և մասնակիցների շրջանակը:
Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ», - նշել է Գոռ Աբրահամյանը: