16/03/2018 17:45
ՔՊ-ն կարող է նաև հրաժարվել Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելուց. Լենա Նազարյան (Տեսանյութ)
«Ելք» դաշինքի անդամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշումը ապրիլի 3-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին վերջնական չէ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Լենա Նազարյանը։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը արդեն մի քանի շաբաթ «Ելք» դաշինքի գործընկերներին ներկայացրել է իր գործողությունների ծրագիրը, որը վերջնական հաստատված չէ, քանի որ մենք դա քննարկում ենք մեր գործընկերների հետ», - ասաց Լենա Նազարյանը։
Նրա խոսքով՝ դաշինքի իրենց գործընկերները որոշ գործողությունների վերաբերյալ ունեն վերապահումներ, մտահոգություններ, որոնք, ինչպես Նազարյանն ասաց, փորձում են իրենք հաշվի առնել։
«Բայց վերջնական որոշում մենք չունենք», - ասաց Լենա Նազարյանը։
Դիտարկմանը, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի քաղաքապետարան իրազեկում է ներկայացրել ապրիլի 3-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին, Նազարյանը արձագանքեց.
«Դա պայմանական է։ Մենք կարող ենք ցանկացած օր հանրահավաք անցկացնելու հայտ ներկայացնել։ Կարող ենք նաև հրաժարվել։ Մեր գործողությունների պլանը վերջնական հաստատված չէ»։
Պատգամավորն ասաց, որ իրենց համար կարևոր է «Ելքի» մյուս գործընկերների վերջնական որոշումը։
Մեր հարցին, թե եթե գործընկերները՝ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները հրաժարվեն և դուրս չգան Ազատության հրապարակ, ի՞նչ է անելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Նազարյանը պատասխանեց.
«Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վարչությունում քննարկել է գործողությունների պլան՝ 14+4 օրերի համար, և մենք պարզապես մեր կուսակցությունով կիրականացնենք դա»։
Մյուս հարցին, թե մտավախություն չունի՞ որ դա կարող է հանգեցնել դաշինքի փլուզմանը, պատգամավորը պատասխանեց, որ ինքը չի կարծում, թե դաշինքը դրանից կփլուզվի։
Մանրամասները՝ տեսանյութում