16/03/2018 09:50
«ՉԻ». Արդարադատության նախարարը զայրացել է «Աբովյան» ՔԿՀ-ի պետի ժպ-ի վրա
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը զայրացել է «Աբովյան» ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Հարությունյանի վրա։
«Նա վերջինիս ուղղակիորեն հասկացրել է, որ հույս չունենա, թե կարող է ժամանակավոր պաշտոնակատարից դառնալ ՔԿՀ-ի պետ։ Հիշեցնենք, որ վերջին օրերին հանրության լայն շրջանակներում և համացանցում թեժ քննարկումների առիթ էր հանդիսացել այն հանգամանքը, որ «Լավ երեկո» հաղորդաշարի լրագրողը կանանց տոնի առթիվ ռեպորտաժ էր պատրաստել «Աբովյան» ՔԿՀ-ի /կանանց գաղութ/-ի մասին և ծաղրել անազատության մեջ գտնվող կանանց։
Այս հանգամանքը բողոքի ալիք էր բարձրացրել լրագրողների և ՀԿ-ների շրջանակներում այն պատճառով, որ ՔԿՀ-ների ղեկավարությունը սովորաբար մերժում է վերջիններիս մուտքը քրեակատարողական հիմնարկներ, մինչդեռ Հ 1-ի համար խոչընդոտներ չեն եղել։
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը անթույլատրելի էր որակել կատարվածը. «Սա երկրորդ լուրջ բացթողումն է Հ1-ի կողմից, և լուրջ քննարկում ենք ունենալու»։
Ի դեպ, այս հաղորդման տեսագրությունը շտապ հեռացվել էր Յութուբից», - գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: