16/03/2018 19:04
Ազատության հրապարակում հաց են բաժանել՝ ի հիշատակ «հաց բերող» Արթուր Սարգսյանի (Լուսանկարներ)
Այսօր ի հիշատակ «հաց բերող» անունն ստացած Արթուր Սարգսյանի մահվան 1 տարելիցի՝ Ազատության հրապարակում նորաստեղծ «Հանուն Հայաստան պետության» ճակատը կազմակերպել է հանրահավաք, որին կհաջորդի երթ։
Այս ճակատը, նկատենք, արդեն երկրորդ հանրահավաքն է անցկացնում Ազատության հրապարակում։
Արթուր Սարգսյանը, հիշեցնենք, ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին մեքենայով հաց էր հասցրել։
«Ռեժիմը փորձում էր սովամահ անել «Սասնա ծռեր» խմբին, և ամեն մեկս փորձում էր մի քայլ անել, տղաներին հաց հասցնել։ Մտածում էինք՝ ինչ անել։ Բայց այդ անելանելիության մեջ գտնվեց մեկը, ով չխոսաց, գտնվեց մեկը, ում այստեղ հավաքվածներից ոչ մեկ չգիտեր և այդ մեկը մեր Արթուրն էր։ Մարդ, ով մարտահրավեր նետեց ոչ միայն իշխանություններին, այլև մեզ բոլորիս», - Ազատության հրապարակի հարթակից հայտարարեց «ճակատի» ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը։
Նրա մոտ հարց է առաջացել՝ հասկացել ե՞նք ինչ արեց Արթուր Սարգսյանը և անմիջապես էլ պատասխանեց. «Վստահ չեմ, քանի դեռ այսքան քիչ մարդ է հավաքվել հրապարակում, քանի դեռ շատերին եղանակը, վախը խանգարում է հավաքվել հրապարակում, քանի դեռ հուսահատ ենք, վստահ չեմ, որ հասկացել ենք՝ ինչ արեց Արթուրը»։
Ազատության հրապարակում հանրահավաքի ընթացքում կազմակերպիչները սիմվոլիկ հաց բաժանեցին ներկաներին։
«Այսօր առավոտյան մենք համետեսել ենք այդ հացից Արթուրի գերեզմանին և ցանկանում ենք, որ բոլորն ունենան դա», - ակցիայի նպատակը բացատրեց Սանասարյանը։