16/03/2018 12:46
Թեկուզ ցավոտ, բայց հասարակությանը պետք է վարժեցնենք քաղաքակիրթ կանոններին. Աղվան Վարդանյան
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը առաջարկում է ԱԺ-ում քննարկել մարտի 1-ից որոշ դեղերի դեղատոմսով բաց թողնելու մասին որոշումը:
Փաշինյանը նման առաջարկությամբ հանդես եկավ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, մինչդեռ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նկատեց, որ որոշումը ի նպաստ հիվանդի է:
Ս. Խաչատրյանն ընդգծեց, որ դա ընդունված միջազգային պրակտիկա է և ընթացակարգերով ներկայացված են, թե ինչպիսի դեղերն են բաց թողնվելու դեղատոմսերով:
«Որոշումը հիմնված էր ուսումնասիրությունների վրա: Մենք հասկացել ենք, որ տեղի է ունենալու հիվանդների հոսքի ավելացում», -ասաց նա:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ արտառոց համարեց դեղատոմսով դեղերի պրակտիկայի շուրջ առաջացած դժգոհությունները:
«Հաճախ մենք էլ` քաղաքական գործիչներս, փորձագետները, սկսում ենք սրա վրա յուղ լցնել, որը իրականում չի նպաստում բուն նպատակին: Կարծում եմ, որ մեր գործը պետք է լինի բացատրել, որ սա արվում է բնակչության համար: Աշխարհում ընդունված կարգ է, այլապես մենք անընդհատ քաղաքակիրթ նորմերից սկսում ենք աղմուկ հանել: Թեկուզ ցավոտ, բայց հասարակությանը պետք է վարժեցնենք քաղաքակիրթ կանոններին», - նշեց նա:
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել էր 2018 թվականի մարտի 1-ից ՀՀ-ում գրանցված հակավարակային (այդ թվում հակաբիոտիկներ), հսկվող և հորմոն պարունակող դեղերի ցանկը, որոնք ձեռք բերելու համար անհրաժեշտ է բժշկական կազմակերպության կողմից տրված դեղատոմսի առկայություն` ըստ սահմանված կարգի: