16/03/2018 20:37
Լավրով. ԱՄՆ-ի կողմից ուժի ցանկացած կիրառում, ինչպես դա տեղի ունեցավ անցած տարվա ապրիլին, անթույլատրելի է
Հորինված արդարացումների և անհիմն մեղադրանքների հիման վրա Դամասկոսի դեմ ԱՄՆ-ի կողմից ուժի ցանկացած կիրառում, ինչպես դա տեղի ունեցավ անցած տարվա ապրիլին, անթույլատրելի է: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախարարական հանդիպման արդյունքներով, հաղորդում է ТАСС-ը:
«Հիշեցնում ենք, որ հորինված արդարացումների հիման վրա Դամասկոսի դեմ ուժի ցանկացած կիրառում անթույլատրելի է: Վերջերս հնչած Սիրիայի, այդ թվում՝ Դամասկոսի ուղղությամբ միակողմանի ռազմական հարվածների իրականացման սպառնալիքներն անընդունելի են և անթույլատրելի: Այդ մասին հստակ հայտարարվել է ամերիկյան ներկայացուցիչներին դիվանագիտական և ռազմական կապի միջոցներով», - ասել է նա:
Մարտի 12-ին ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է կրկին հարված հասցնել Սիրիայի ուղղությամբ, եթե ՄԱԿ-ը չկարողանա Արևելյան Ղուտայի շրջանում հրադադարի հասնել: