16/03/2018 16:04
Մեր նկատմամբ հաշվեհարդար տեսնելու հեղինակը կրթության նախարար Լևոն Մկրտչյանն է. Գագիկ Համբարյան
Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի որոշմամբ աշխատանքից ազատված դասախոս Գագիկ Համբարյանը ժամանակի վատնում է և անիմաստ գործողություն է համարում ռեկտորին հանդիպել և զրույցելը։
«Սահակ Մինասյանը տարրական բեսպրեդելությամբ է զբաղվում, այսպիսի բան ոչ մի նորմալ ուսումնական հաստատությունում տեղի չի ունեցել և չի էլ ունենա», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գագիկ Համբարյանը։
Հիշեցնենք՝ Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը նախօրեին աշխատանքից ազատել է դասախոսներ Գագիկ Համբարյանին և Հովհաննես Խորիկյանին, ովքեր 2017 թվականի սեպտեմբերից ընդվզում էին իր գործողությունների դեմ։
«Որոշում ենք ընդունել բողոքարկելու Սահակ Մինասյանի որոշումը դատական ատյաններում՝ համապատասխան մեղադրանքներ ներկայացնելու նրա նկատմամբ՝ անօրինականություններ գործելու համար», - ասաց Համբարյանը՝ հավելելով, որ ի սկզբանե՝ դեռևս 2017 թվականի սեպտեմբերի 25-ին ինքը և Հ. Խորիկյանը ռեկտորի գործողությունների վերաբերյալ նամակով դիմել են հանրապետության նախագահին և վարչապետին։
«Ցավոք, իմ ենթադրությամբ, նախագահականից հրահանգվել է, որ այս հարցով զբաղվի կրթության և գիտության նախարարը։ Իսկ նախարարը բազմիցս ապացուցել է, որ ինքը Սահակ Մինասյանի կողմնակիցն է։ Հիմա կարող եմ բացահայտ նշել, որ այս ամենի՝ մեզ աշխատանքից ազատելու հեղինակը և մեր նկատմամբ հաշվեհարդար տեսնելու հեղինակը կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն է։ Նրանք տանդեմով են գործում և միասին են որոշել, որ մեր բերանը պետք է փակեն։ Ինձ համար զավեշտալին այն է, որ Սահակ Մինասյանի հանցագործությունները 6 ամիս շարունակ բացահայտելուց հետո նույն իշխանությանների հովանավորությամբ մեզ ազատեցին աշխատանքից։ Երևի սա է «արդարությունը»», - ասաց Գագիկ Համբարյանը։
Նա նշեց, որ դիմելու են դատախազություն, քանի որ, ըստ իրենց, Սահակ Մինասյանը կատարել է ոչ միայն այնպիսի հանցանքներ, որոնք պատժվում են քաղաքացիական օրենսգրքով, այլ նաև՝ քրեական.
«Օրինակ՝ բուհի համար կեղծ լիցենզիաների ձեռքբերում, գրադարանի մի մասի ոչնչացումը և այլն»։
Դասախոսը նաև տարօրինակ է համարում, որ ռեկտորի ապօրինությունների մասին իրենց բազմաթիվ հրապարակումներից հետո ո՛չ ՀՀ գլխավոր դատախազությունից, ո՛չ էլ Շիրակի մարզի դատախազությունից իրենց չեն հրավիրել և չեն հարցաքննել։
«Պայքարել ենք արդարության համար, պայքարել ենք մեր հարազատ բուհի համար, մեր բուհի պատիվը բարձր պահելու համար, սակայն արժանացանք այս պատասխանին», - ասաց Համբարյանը։