16/03/2018 12:42
Այսուհետ հնարավոր է առցանց դիմել և ստանալ երեխայի ծննդյան, խնամքի, ինչպես նաև թաղման նպաստները. ՍԱՊԾ պետ
Մարտի 1-ի դրությամբ ՀՀ-ում կենսաթոշակառուների թիվը կազմում է 446 հազար 349, իսկ նպաստառուների թիվը՝ 62 հազար 915, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը։
«Առաջիկա 7 տարվա ընթացքում կենսաթոշակառուների թիվը միտում ունի աճելու, ժողովրդագրական տվյալները մեզ հուշում են, որ միջինը 2500 հոգով այս թիվը աճելու է», - նշեց Սահակյանը։
ՍԱՊԾ պետի խոսքով՝ առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստն այս պահին հնարավոր է դիմել և ստանալ առցանց եղանակով։
Այս գործառույթը ծառայությունում ուսումնասիրել են և ավելացրել նաև երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի ստանալու իրավունքն առցանց դիմելու միջոցով։
Խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելը, խնամքի նպաստ ստանալը, ինչպես նաև թաղման նպաստն առցանց դիմելը և ստանալը նույնպես հնարավոր է։
«Առաջիկայում կունենանք մի շարք ծառայություններ, որոնք նույնպես առցանց կերպով կմատուցվեն», - ասաց Հովհաննես Սահակյանը։