16/03/2018 12:23
«Բոլոր կանայք ցանկանում են հանդիպել ձեզ հետ». Վանաձորի քաղաքապետի ֆեյսբուքյան զվարճալիքը
Վանաձորի քաղաքապետ, Հանրապետական կուսակցության անդամ Մամիկոն Ասլանյանը զավեշտալի իրավիճակում է հայտնվել. ֆեյսբուք սոցիալական ցանցում նա կիսվել է հղմամբ, որտեղ երևում է իր լուսանկարը և լուծված թեստի պատասխանը. «բոլոր կանայք ցանկանում են հանդիպել ձեզ հետ»։
Քաղաքապետի զբաղմունքը սոցիալական ցանցի օգտատերերի մի մասը համարել է զավեշտալի, իսկ մյուս հատվածն էլ բուռն քննադատության թիրախ է դարձրել՝ նշելով, որ քաղաքապետը պարապ է մնացել և անցել է ֆեյսբուքյան թեստերին։ Օգտատեր կանայք նույնիսկ կատակել են. «Հերթ կանգնենք»։
Վանաձորի քաղաքապետի ֆեյսբուքյան վարքին անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը. «Մանդատագողության արդյունքում Վանաձորի քաղաքապետ կարգված մարդը դեռ որքան պետք է ծաղրի վանաձորցի ընտրողին՝ չհասկանալով, որ քաղաքապետ լինելը պատիվ է, հարգանք, ծառայություն ու առաքելություն, ոչ թե՝ անարգանք տեղական ինքնակառավարման համակարգի, կանանց և առհասարակ վանաձորցիների հանդեպ»։
Aysor.am-ի թղթակիցը փորձեց քաղաքապետ Մամիկոն Ասլանյանից հետաքրքրվել, թե արդյոք ինքն է թեստը լուծել ու հրապարակել սոցցանցում և ինչո՞ւ են նրան հետաքրքրել ֆեյսբուքյան թեստերը, սակայն քաղաքապետը համառորեն չէր պատասխանում զանգերին և որոշ ժամանակ դարձավ անհասանելի։
Նկատենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը և նրանց թեկնածուն՝ Քրիստ Մարուքյանը, Վանաձորի քաղաքապետի ընտրություններում մասնակցել էր և զգալի արդյունքներ գրանցել։ Սակայն ընդդիմության որոշ անդամների հետ բանակցությունների արդյունքում կոալիցիոն Հանրապետական և Դաշնակցություն կուսակցությունները կարողացան ստանալ իշխանություն Վանաձորում։