16/03/2018 20:20
Քաղաքացին մեքենայից կրակոցներ է արձակել բնակարաններից մեկի պատշգամբի ուղղությամբ (Տեսանյութ)
Օրերս ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, և քաղաքացին հայտնել է, որ գիշերը կրակել են հարևանի տան վրա։
Ոստիկանության լրատվական ծառայությունից մանրամասնում են, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 36 շենք է մեկնել օպերատիվ խումբ։ Զննությամբ պարզվել է, որ կրակել են փողոցի կողմից։ Գնդակը անցնելով պատշգամբի արգելապատնեշը, կոտրել էր երկշերտ ապակու դրսի շերտն ու մնացել պատշգամբի դռան մեջ։ Ըստ տուժողի՝ լսվել էր 2-3 կրակոց։
Նշվում է, որ պատշգամբում մարդ չէր եղել։ Գնդակն անցել էր հենց այն հատվածով, որտեղ տան բնակիչները սովորաբար նստում են։
Գնդակն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ Ըստ եզրակացության՝ կրակել էին 7,62մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակից։
Մարտի 14-ին, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ «խուլիգանություն»։
Ըստ աղբյուրի՝ հանցագործության արագ բացահայտման համար ներգրավվել են նաև ոստիկանության Երևան քաղաքի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները։ Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների հետ ձեռնարկվել են համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումներ։
Նույն օրը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզույզները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ կրակոցները հնարավոր է արձակած լինի Խորենացու փողոցի բնակիչ, 35-ամյա Ալբերտ Խոջոյանը՝ իր «ԲՄՎ» մեքենայից։
Տեղեկությունները հաստատվել են տարածքը հսկող մասնավոր տեսախցիկների տեսագրությունների վերծանմամբ, որտեղ պարզ երևում է դեպի խաչմերուկ շարժվող «ԲՄՎ» մակնիշի մեքենան, որից հենց շարժման ընթացքում արձակվում են կրակոցները։
Ալբերտ Խոջոյանը հայտնաբերվեց Խորենացի փողոցի իր բնակարանից և խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։
Բաժնում նա ոստիկաններին հայտնել է, որ հրազենը պատկանել է պապին և պատահաբար է կրակել։ Ոստիկանների ունեցած նախնական տեղեկություններով, մարտի 13-ի գիշերը, Խոջոյանը եղել էր անսթափ վիճակում։
Նրա տան խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է 1519 համարի «Նագան» տեսակի ատրճանակը, որը փաթեթավորվել է և ուղարկվել դատաձգաբանական փորձաքննության։
Ալբերտ Խոջոյանը ձերբակալված է։ Քննությունը շարունակվում է։