17/03/2018 13:47
Գիտնականները պատասխանատուներին կոչ են անում չեղարկել Շիրակի պետական համալսարանում դասախոսներին աշխատանքից ազատելու որոշումը
Արդեն տեղեկացրել ենք, որ մարտի 15-ին Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի որոշմամբ աշխատանքից ազատվել են բուհի դասախոսներ Գագիկ Համբարյանը և Հովհաննես Խորիկյանը։ Վերջիններս, սկսած 2017 թվականի սեպտեմբերից, պարբերաբար հանդես էին գալիս հայտարարություններով՝ նշելով, թե Սահակ Մինասյանի գործողություններն անօրինական են չեն բխում բուհի շահերից։
Aysor.am-ի հետ զրույցում աշխատանքից արդեն հեռացված դասախոսներն նշել են, որ դիմելու են դատախազություն, քանի որ, ըստ իրենց, Սահակ Մինասյանը կատարել է ոչ միայն այնպիսի հանցանքներ, որոնք պատժվում են քաղաքացիական օրենսգրքով, այլ նաև՝ քրեական։
Միջադեպին անդրադարձել էր նաև կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ նշելով, թե մարտի 24-ին գիտխորհրդի և կառավարման խորհրդի համատեղ ընդլայնված նիստ է լինելու և այդտեղ բոլոր խնդիրները կքննարկվեն։
Այսօր արդեն միջադեպին անդրադարձել են նաև բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը և պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ Վահրամ Տեր-Մաթևոսյանը։ Վերջիններս հանդես են եկել հայտարարությամբ։
«Մարտի 15-ին աշխատանքից ազատվել են Շիրակի պետական համալսարանի երկու դասախոսներ՝ պ.գ.թ., դոցենտ, պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանը և Գագիկ Համբարյանը։ Հայտնի է, որ արդեն մի քանի ամիս է, ինչ ներբուհական որոշակի խնդիրների շուրջ դասախոսները արտահայտում են իրենց դժգոհությունն ու անկեղծ մտահոգությունը և երբեմն էլ դրա համար ընտրում առավել հրապարակային մեթոդներ (ընդհուպ մինչև հացադուլ): Հաշվի առնելով նաև գիտության և կրթության ապակենտրոնացման կարևորությունը` կարծում ենք, որ մարզերում, և տվյալ պարագայում Գյումրիում, ավելի բարձր կրթական մակարդակ ապահովող համալսարան ունենալը առաջնահերթություն է:
Բազմակարծությունը և առողջ բանավեճը կարևոր են հասարակական կյանքի բոլոր բնագավառների կենսունակության համար, սակայն ակադեմիական միջավայրում դրանք ուղղակի անհրաժեշտություն են: Ուստի, այլակարծության համար Հովհաննես Խորիկյանին և Գագիկ Համբարյանին աշխատանքից ազատելու որոշումը որևէ կերպ ընդունելի չէ և հակասում է ակադեմիական բազմակարծության սկզբունքին:
Կարևոր ենք համարում շեշտել, որ վերոնշյալ դասախոսները, միևնույն ժամանակ, ակտիվ գիտական գործունեություն են ծավալում. Հովհաննես Խորիկյանը հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատությունների և հոդվածների, որոնք լույս են տեսել ոչ միայն հայաստանյան, այլ նաև արտերկրյա հեղինակավոր գիտական պարբերականներում: Գագիկ Համբարյանը, գիտական գործունեությանը զուգահեռ, յուրահատուկ տեղ ունի հայաստանյան վերլուծական դաշտում և հարկ է հատուկ առանձնացնել, որ բացի տարածաշրջանային վերլուծություններից` նա կարողանում է փորձագիտական կարծիք հայտնել Շիրակում ու Գյումրիում տեղի ունեցող հասարակական-քաղաքական գործընթացների մասին` համադրելով այնտեղի իրողությունների լավ իմացությունը և վերլուծական հմտությունները:
Ավելորդ չենք համարում ընդգծել, որ Հ. Խորիկյանը և Գ. Համբարյանը կարողանում են իրենց գիտելիքները փոխանցել ուսանողներին, ինչի շնորհիվ վայելում են նրանց սերն ու հարգանքը: Ներկայումս գերակայող միտումը` ունենալ ուսանողակենտրոն համալսարաններ, նույնպես պահանջում է, որպեսզի նման կադրերը ոչ թե հեռացվեն դասախոսական աշխատանքից, այլ ընդհակառակը` խրախուսվի նրանց գործունեությունը, որից մեծապես օգտվում են առաջին հերթին ուսանողները:
Ուստի, կարևորելով գիտության և կրթության ապակենտրոնացումը և մարզերում գիտական կյանքի աշխուժացումը, մտահոգ լինելով Հայաստանի երկրորդ քաղաքում գործող Շիրակի պետական համալսարանի հեղինակությամբ, ծանոթ լինելով երկու դասախոսների գիտական գործունեությանը և ներուժին` կոչ ենք անում պատասխանատուներին չեղարկել Հովհաննես Խորիկյանին և Գագիկ Համբարյանին աշխատանքից ազատելու որոշումը: Միևնույն ժամանակ, կոչ ենք անում նորմալ ակադեմիական միջավայրին հարիր մեթոդներով քննարկել առկա խնդիրները և փորձել գտնել դրանց լուծման ճանապարհները: Մենք էլ, մեր հերթին, պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում մեր նպաստը ներդնել ինչպես Հայաստանի երկրորդ քաղաքի ԲՈՒՀ-ի խնդիրները լուծելու, այնպես էլ այդ կրթօջախի զարգացման հարցում», - նշված է գիտնականների տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, Շիրակի պետական համալսարանում իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ դասախոսներ Գագիկ Համբարյանը և Հովհաննես Խորիկյանը բաց նամակ էին ուղղել հանրապետության նախագահին և վարչապետին։
Նամակում դասախոսները նշել էին, որ «ռեկտոր Սահակ Մինասյանը 1 տարի շարունակ ավերում է բուհը՝ հանուն սեփական շահադիտական նպատակների»: