17/03/2018 12:01
Հայկ Օհանյանը և նրա փաստաբանը պատրաստ են ներողություն խնդրել «Մեդիալաբի» խմբագրից կատարվածի համար
«Մեդիալաբ»-ի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի նկատմամբ ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Օհանյանի կողմից սպառնալիքներ հնչեցնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը դոփում է տեղում և այդ գործով առաջընթաց չկա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկ Օհանյանի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։
«15-20 օր է՝ որևէ քննչական գործողություն չի իրականացվել, մենք մեր մասով բոլոր հարցերի պատասխանները տվել ենք, սպասողական վիճակ է», - ասաց Սիրունյանը։
Նրա խոսքով՝ նման վիճակն իրենց սրտով չէ և արդեն որոշել են. «Մի քիչ էլ կսպասենք ու կորոշենք մեր անելիքը»։
Փաստաբանը սպասում է, որ նախաքննական մարմինը կկարճի քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով, քանի որ «իրական սպառնալիք չի եղել»։
«Իրական սպառնալիքն այն է, երբ հնարավոր է վնաս մարդու առողջությանը։ Հարցը կապված է կնոջ հետ և մեր մեծ ցանկությունն այն է, որ կինը հասկանա, որ սպառնալիք չի եղել։ Մեր վստահորդը հասկանում է, որ գուցե նեղացրել է, և մենք պատրաստ ենք ներողություն խնդրել կատարվածի համար», - ասաց Սիրունյանը։
«Մեդիալաբ»-ի խմբագիր Մարիաննա Գրիգորյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նախաքննության ընթացքից որևէ տեղեկություն չունեն։ Հարցին՝ եթե քրգործը կարճվեց, որոշե՞լ են՝ ինչ են անելու, Գրիգորյանը պատասխանեց. «Եթե ինչ-որ նորություն լինի, կորոշենք, թե ինչ ենք անում»։
Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից 2017թ. դեկտեմբերին 7 միլիոն դրամի ծաղիկ գնելու ու բանակում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ ծաղրանկարի պատճառով սպառնացողը վախեցրել էր, որ Medialab.am-ը կարող է արժանանալ 2015թ. հունվարին ահաբեկչական հարձակման ենթարկված ֆրանսիական «Շառլի Էբդո» պարբերականի ճակատագրին։ Ավելի ուշ Մարիաննան հայտարարել էր, որ սպառնալիքները թեժացել էին՝ թիրախավորելով նաև անչափահաս դստերը։
Սպառնալիքներ հնչեցրած անձը Facebook սոցցանցում Հայկ Բերման Օհանյան անունով օգտատերն է եղել։ Նախապատրաստված նյութերով՝ փետրվարի 6-ին ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել»։ Քրեական գործը փետրվարի 9-ին վարույթ էր ընդունել Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչը։
Քրեական օրենսգիրքն այս հանցանքի համար նախատեսում է պատիժ՝ տուգանքով նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: