17/03/2018 13:10
Ավտոմեքենաների հրդեհները վերջին տարիներին շարունակական աճ ունեն
Ավտոմատ գազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) խնդիրը մշտապես գտնվել է ԱԻՆ ուշադրության կենտրոնում և վերջին տարիներին նկատվում է որոշակի դրական միտում դրանց հրդեհային անվտանգության ապահովման աստիճանի բարձրացման ուղղությամբ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը։
«Գազալցակայաններում հրդեհների առումով վիճակը բարվոք է», - ասաց ԱԻՆ աշխատակիցը, ապա որպես օրինակ բերեց վիճակագրությունը։
Նրա խոսքով՝ 2012 թվականից սկսած գազալցակայաններում գրանցվել է հրդեհի 23 դեպք, զոհվել է 2 մարդ և վնասվածք ստացել՝ 8 մարդ։
Բացի այդ, գազալցակայաններում տեղի են ունեցել տեխնածին վթարներ կամ արտադրական դժբախտ դեպքեր։ Նշված ժամանակահատվածում տեղի են ունեցել 27 դեպք, որի ընթացքում 5 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Հրդեհների առումով, ըստ Սերգեյ Հայրապետյանի, ավելի ցավալի է իրավիճակը գազաբալանոյանին համակարգերով կահավորված ավտոմեքենաների շրջանում.
«Վերջին տարիներին ավտոմեքենաների հրդեհները շարունակական աճ ունեն։ Դա բացատրվում է նրանով, որ ավտոմեքենաների առումով Հայաստանն աշխարհի ամենագազաֆիկացված երկրներից մեկն է։ Այդ թիվը գնալով շատանում է, բնականաբար մեծանում է հրդեհների և այլ տեխնածին վթարների առաջացման վտանգը»։
Դարձյալ վիճակագրությունը վկայակոչելով՝ Սերգեյ Հայրապետյանն ասաց, որ 2012 թվականից սկսած գրանցվել է հրդեհի 537 դեպք, զոհվել է 19, վնասվածքներ է ստացել 62 մարդ։