17/03/2018 12:12
ՀՀ ՊՆ կարիքների համար նյութական միջոցներ ընդունող հանձնաժողովի նախագահը երկար տարիներ առանձնապես խոշոր չափերի կաշառք է ստացել մատակարարից
Երևան քաղաքի բնակիչ, «Ա.Ա.» ՍՊ ընկերության հիմնադիր և տնօրեն Ա. Ա.-ն ՀՀ գլխավոր դատախազին դիմում էր ներկայացրել, այնուհետև ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քրեական գործերով վարչության ՀԿԳ քննության վարչությունում հաղորդում և բացատրություն տվել այն մասին, որ 2008 թվականից մինչև 2013 թվականը ՀՀ ՊՆ N վարչության պետի տեղակալ Մ.Խ.-ն, նույն ժամանակահատվածում ընդգրկված լինելով նաև ՀՀ ՊՆ կարիքների համար նշված ընկերության կողմից մատակարարված նյութական միջոցների ընդունող հանձնաժողովի կազմում, որպես հանձնաժողովի նախագահ, իր օգտին գործողություններ կատարելու համար, յուրաքանչյուր տարի կնքված պայմանագրերով մատակարարված ապրանքներն ընդունելուն պես, իրենից պահանջել և որպես կաշառք ստացել է կնքված պայմանագրերի ընդհանուր գումարի 5%-ից 7%-ը, որի արդյունքում վերջինս նրան տվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 29.220.000 ՀՀ դրամ գումար:
Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ «պաշտոնական անձի կողմից խոշոր չափի կաշառք ստանալը» և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը» նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մ.Խ.-ն 2008թ. քննությամբ չպարզված օրը ներկայացել է «Ա.Ա» ՍՊԸ արտադրամաս և հայտնել, որ այսուհետ ինքն է զբաղվելու ՊՆ-ին կահույքի մատակարարման հարցերով և իրենց հետ աշխատելու համար պահանջել է պայմանագրով նախատեսված ընդհանուր գումարի 7%-ը: Ա. Ա.-ն համաձայնել է, որից հետո, մինչև 2013թ., պայմանագրով վճարման ժամանակացույցով ընկերությանը փոխանցված գումարը ստանալուց հետո հանդիպել է Մ.Խ.-ին և տվել գումարը՝ ըստ պայմանավորվածության:
Դրա դիմաց որպես հանձնման-ընդունման հանձնաժողովի նախագահ, Մ.Խ.-ն իր լիազորությունների շրջանակներում պայմանագրով նախատեսված ապրանքներն ընդունելու ժամանակ անձամբ կամ այլ պաշտոնատար անձանց կողմից իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերելով, որ մատակարարվող արտադրանքը չի համապատասխանում պայմանագրի տեխնիկական բնութագրերին, հայտնաբերված թերությունները վերացնելու համար արտադրանքը մատակարարին հետ հանձնելու փոխարեն ընդունել է այն և փոխանցել տնօրինման:
2018թ. փետրվարի 16-ին Մ.Խ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որում վերջինս իրեն մեղավոր չի ճանաչել:
Նույն օրը վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն հարուցելու մասին, որը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մերժվել է:
Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից փետրվարի 20-ին նշված որոշման դեմ բերվել է վերաքննիչ բողոք: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2018թ. մարտի 15-ի որոշմամբ բողոքը բավարարվել է, բեկանվել է ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը և Մ.Խ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: