18/03/2018 13:00
ՇՊՀ ուսխորհրդի նախագահը հայտարարություն է տարածել. փորձում են իր ծնողների միջոցով իրեն հետ պահել որոշումից
Երեկ Շիրակի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ դատապարտելով դասախոսներ Հովհաննես Խորիկյանին և Գագիկ Համբարյանին աշխատանքից ազատելու՝ ռեկտորի որոշումը։
«Համարժեք միջոցների եմ դիմելու դասախոսների աշխատանքի վերադառնալու և ուսանողների շահերի պաշտպանությունն իրականացնելու համար», - ասել էր ուսխորհրդի նախագահը։
Պարզվում է՝ Արմեն Մելքոնյանին փորձել են հետ պահել իր որոշումից։ Դրա վերաբերյալ նա այսօր հանդես է եկել կոչ-հայտարարությամբ։
«Կոչ և պահանջ պարոն Մինասյանին
Նրանք, ովքեր ուշադրությամբ համակված հետևում են իմ գրառումներին, գնան և հաղորդեն ռեկտոր Մինասյանին հետևյալը.
ԱՐՄԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ և ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ:
Պարոն Մինասյան, մեր պայքարը Ձեր դեմ գաղափարի վրա է հիմնված և միտված է արդարության վերականգնմանը բուհում, որը խախտվել է բացառապես Ձեր կամայականությունների պատճառով: Իսկ Դուք ամեն ինչ անձնավորում եք, փորձում ծնողներիս միջոցով ազդեցություն ունենալ իմ վրա: Մարդկանց զանգերը իմ ծնողներին անիմաստ են: Ձեր արարքը առնվազն ծիծաղելի է: Ես դաստիարակվել եմ արհեստավորի հայ ավանդական ընտանիքում և ունեմ հստակ հայացքներ ոչ մեկի առաջ չխոնարհվելու: Ձեր հուսահատ քայլերը իմ վրա բացարձակ ազդեցություն չեն ունենա: Իմ ընտանիքում ի տարբերություն ձեր պատկերացրած բուհի իմ որոշումների հետ հաշվի են նստում», - ասված է հայտարարության մեջ։