19/03/2018 14:26
Հայաստանը ԵՄ-ի հետ համաձայնագիրը, ամենայն հավանականությամբ, կվավերացնի ապրիլի 10-ին
Հստակ չեմ կարող նշել ժամկետները, բայց մենք պարտավորվել ենք առաջիկայում սկսել Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման մասին հարցի քննարկումները, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների և ԵՄ հետ կապերի կոմիտեի նախագահ Մարեկ Ռոցկին։
«Կարծում եմ՝ առաջիկայում կքննարկենք այդ հարցը ու կփորձենք ՀՀ քաղաքացիների ազատ մուտքը ապահովել Եվրամիության տարածք։ ՀՀ ԱԺ պատվիրակության հետ էլ մեր քննարկման ժամանակ վիզաների ազատականցման հարցը մեր առաջնային խնդիրներից էր», - նկատեց նա։
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն էլ իր հերթին ընդգծեց, որ ՀՀ-ԵՄ պայմանագիրը ուժի մեջ կմտնի հատվածաբար՝ ՀՀ-ի կողմից այն վավերացնելուց հետո։
«Ապրիլին Հայաստանի խորհրդարանը կվավերացնի համաձայնագիրը։ Ըստ էության՝ այն կվավերացվի ապրիլի 10-ի նիստին», - նշեց Աշոտյանը։
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում տեղի ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների ու Եվրոպական միության հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը, որի շրջանակում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները, տարածաշրջանային անվատնգության հիմնահարցերը, հայ-լեհական հարաբերությունները, Լեհաստանի հետ վիզաների ազատականացման հարցը և այլն։
Նիստի արդյունքում ստորագրվել է եզրափակիչ բանաձև, որտեղ ի թիվս շատ հարցերի անդրադարձ է կատարվել նաև ԼՂ հակամարտությանն ու ՀՀ-Լեհաստան համագործակցությանը։