19/03/2018 12:12
Ինչ էր մտածում տիկինը, երբ իր ամուսնու սպանության մեջ մեղադրվող անձի ձեռքերից մեդալ էր ստանում. Փոստանջյանը` Անահիտ Բախշյանի մասին
Երևանի ավագանու նիստում «Ելք»-ի՝ նիստերի դահլիճը լքելուց հետո «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ելույթով հանդես եկավ:
Նա հայտարարեց, թե «Ելք»-ը ստեղծվել է որպես արհեստական միավոր:
««Ելք»-ը ստեղծվել է այն մարդկանց կողմից, ովքեր մի շաբաթ առաջ իրար ուղղակի հայհոյում էին: Հասկանալի է, որ ձեր ստեղծողն այսօր ուղղակի ցանկանում է ձեզ պառակտել, պառակտում է, դա է տեղի ունեանում, այնպես որ այդքան ցավոտ մի վերաբերվեք այդ պառակտմանը կամ ոչ պառակտմանը», - ասաց նա:
«Ինչ վերաբերում է նրան, որ այս նախագծի հետևում ինչ-որ մարդիկ են կանգնած, այո, ձեր պապաներն են կանգնած եղել այն բոլոր իրադարձությունների հետևում, որը տեղի է ունեցել մեր հանրապետությունում` սկսած 1996 թվականից», - ասաց Զ. Փոստանջյանը:
Զարուհի Փոստանջյանը «Ելք»-ից Անահիտ Բախշյանին մեղադրեց «կեղտոտ ու արյունոտ» ձեռքերից մեդալ վերցնելու մեջ:
«Ի՞նչ էր մտածում այդ տիկինը, երբ իր ամուսնու սպանության մեջ մեղադրվող անձի ձեռքերից մեդալ էր ստանում: Սա է մեր պատկերը, սա է մեր բարոյականությունը», - նշեց «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավարը:
Զարուհի Փոստանջյանը «Ելք»-ին մեղարդեց Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ ընկերություն անելու մեջ:
«Ռոբերտ Քոչարյանի վարչապետությունը սպասարկողները այս մարդիկ են, ովքեր այսօր «Ելք» են ներկայացնում ու նույն Սերժ Սարգսյանին սպասարկողներն էլ եք դուք, այնպես որ` ձեր անունները, ձեր կեղտը կարիք չկա փաթաթել մեկ այլ ուժի կամ անձի վրա», - ասաց նա: