19/03/2018 12:02
Դատարանը կալանքի տակ է առել Ջիգարխանյանի նախկին կնոջը պատկանող բնակարանը և 1 մլն ռուբլի գումար
Մոսկվայի դատարանը՝ մասնավոր կյանքի անձեռնամխելիության մասին քրեական գործի շրջանակում կալանքի տակ է վերցրել ռեժիսոր և դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային պատկանող բնակարանը և 1 մլն ռուբլի գումարը։ Այս մասին ТАСС-ին հայտնել է Վիտալինայի փաստաբան Լարիսա Շիրոկովան։
«Մայրաքաղաքային դատարանը մասնավոր կյանքի անձեռնամխելիության մասին քրեական գործի շրջանակում կալանքի տակ է վերցրել Մոլոդոգվարդեյսկի փողոցում գտնվող իմ պաշտպանյալի բնակարանը։ Բացի այդ, դատարանը կալանքի տակ է վերցրել նաև 1 մլն ռուբլի գումար», - նշել է փաստաբանը։
Հարուցվել է «Մասնավոր կյանքի անձեռնամխելիության խախտում» հոդվածով քրեական գործ, Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային մեղադրանք առաջադրվել։ Իրավապահները ենթադրում են, որ Ջիգարխանյանի նախկին կինը առանց դերասանի համաձայնության նրա անձնական և ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ է հավաքել և տարածել լրատվամիջոցներում։
Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ТАСС-ի թղթակցի հետ զրույցում հերքել է այդ մեղադրանքները։