19/03/2018 11:48
Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցում նոր համակարգչային սրահ է բացվել. հետագայում այստեղ կհիմնվի «Արմաթ» լաբորատորիա
Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում օրերս բացվեց հիմնանորոգված ու նոր համակարգիչներով զինված ինֆորմատիկայի դասասենյակ:
Այս դպրոցի խնդիրներին մենք բազմիցս անդրադարձել ենք: 600 աշակերտ ունեցող դպրոցը մինչև վերջերս ծայրահեղ անմխիթար վիճակում էր, չուներ բավարար քանակությամբ դասասենյակներ, սանհանգույցներ, իսկ համակարգիչներով զինված ինֆորմատիկայի սենյակի մասին այս պայմաններում միայն երազել կարելի էր:
Դպրոցի ուսուցչական անձնակազմը, աշակերտների ծնողները բազմիցս դիմել էին վարչապետին, կրթության նախարարություն, տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչի արդյունքում այսօր Աշտարակի այս դպրոցում ընթանում է վերանորոգում:
Մինչ այդ, ցանկանալով իրենց ներդրումն ունենալ, դպրոցի ուսուցիչները, ծնողները համատեղ միջոցներով վերանորոգել էին համակարգչային սենյակը.
«Դպրոցի միջոցների, մեր ուսուցիչների ու ծնողների նվիրատվությունների շնորհիվ կարողացանք նորոգել այս սենյակը, իսկ կարևորագույն ներդրումն ունեցավ «Ռոսգոսստրախ-Արմենիան»: Այս ընկերությունը մեզ նվիրեց 15 նոր համակագիչ` բոլոր աքսեսուարներով և սեղաննորով», - Aysor.am-ին պատմեց դպրոցի ուսուցիչներից Արմեն Գրիգորյանը:
Նա ընդգծեց` նորաբաց դասասենյակում աշակերտենրը ոչ միայն կանցկացնեն իրենց ինֆորմատիկայի դասի գործնական պարապմունքներն, այլև առաջիկայում Աշտարակի այս դպրոցում նախատեսվում է բացել «Արմաթ» ինժեներական լաբորատորիա: