19/03/2018 13:40
Դասադուլ՝ Շիրակի պետական համալսարանում. ուսանողները պահանջում են վերադարձնել դասախոսներին
Շիրակի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանը և մի շարք ուսանողներ բաց նամակով դիմել են հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին՝ պահանջելով բեկանել բուհի ռեկտոր Սահակ Մինասյանի որոշումը, համաձայն որի աշխատանքից ազատվել են բուհի դասախոսներ Գագիկ Համբարյանը և Հովհաննես Խորիկյանը։
«Մենք բազմիցս դիմել ենք ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին, բայց մեր բողոքներն ամեն անգամ անպատասխան են մնացել։ Հերթական անգամ հայտարարում ենք դասադուլ և պահանջում.
1. Բեկանել ռեկտորի մարտի 15-ի որոշումը և անհապաղ աշխատանքի վերադարձնել Հ. Խորիկյանին ու Գ. Համբարյանին։
2. Ապահովել մարտի 24-ին կայանալիք գիտխորհրդի և հոգաբարձուների խորհրդի համատեղ ընդլայնված նիստի թափանցիկությունը, այն կազմակերպել լրագրողների, բողոքին մասնակցող ուսանողների հատուկ խմբի և Հ. Խորիկյանի ու Գ. Համբարյանի ներկայությամբ։
3. Ապահովել բուհի ֆինանսական վիճակի թափանցիկությունը և համալսարանի պաշտոնական կայքում զետեղել բուհի 2016 թվականի փոփոխված և 2017 թվականի նախահաշիվները և նույն թվականների ֆինանսական հաշվետվությունները, 2018 թվականի բյուջեի նախահաշիվները։
Պարո՛ն նախագահ, հուսով ենք, որ արդարությունը կվերականգնեք», - նշված է նախագահին ուղղված բաց նամակում։
Նշենք, որ աշխատանքից ազատված դասախոսներին վերականգնելու կոչ էին արել գիտնականներ, բուհի դասախոսներ, ինչպես նաև քաղաքական գործիչներ։
Ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանը պահանջագիր է ներկայացրել նաև ռեկտոր Սահակ Մինասյանին՝ պահանջելով վերականգնել դասախոսների աշխատանքը։