19/03/2018 11:55
«Ելք»-ը լքեց ավագանու նիստերի դահլիճը
Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում ներառված էր Վազգեն Սարգսյանի անվան փողոցը անվանակոչելու մասին հարցը, որը ներկայացրել էր ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունը:
«Ելք» խմբակցության անդամները ելությով հանդես եկան ներկայացվող նախագծի վերաբերյալ:
Խմբակցության անդամ Անի Խաչատրյանը իր ելույթում նշեց, որ իր կնքահայրը՝ Վազգեն Սարգսյանը, հերոսի իսկական կերպար է:
«Մեկ ամսվա ընթացքում այս խմբակցությունը երկրորդ նախաձեռնությունն է ներկայացնում Վազգեն Սարգսյանի հիշատակի դեմ», -ասաց նա:
Անի Խաչատրյանն ընդգծեց, որ «Երկիր ծիրանին» խնդիր ունի բարոյականության հետ:
«Ո՞վ եք դուք, որ նման մեծերին կպնեք, դուք ամբողջ կյանքում ձախողել եք, արածներդ էլ էժանագին ներկայացում է, ինչ ասես, արել եք, քսան մարդ չեք կարողացել հավաքել, որ ձեր պլակատները բռնեն», - ասաց Ա. Խաչատրյանը:
Ելույթով հանդես եկավ նաև «Ելք»-ից Անահիտ Բախշյանը՝ նշելով, որ, այո, պետք է ունենալ Վուդրո Վիլսոնի անվան փողոց, բայց ոչ՝ Վազգեն Սարգսյանի հիշատակը նսեմացնելով:
«Ի՞նչ են ուզում սրանով ասել նախագծի հեղինակները. ուզում են ասել, որ այսպես ենք արժևորում մեր ժամանակների հերոսներին, թե՞ նպատակը «Ելք»-ին պառակտելն է, որն ուզում է թե իշխանությունը, թե նախագծի հեղինակները», - ասաց Ա. Բախշյանը:
«Ելք»-ից Թեհմինա Վարդանյանն էլ հայտարարեց, որ «Երկիր ծիրանիի» նախագիծը տկարամիտ նախագիծ է:
«Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ հայտարարեց, որ խմբակցույթունն ունի այնքան քաղաքական հասունություն, քաղաքական մշակույթ, որ նախաձեռնված սադրանքին ու իշխանության կողմից ստեղծված օրակարգային այս ծուղակի մեջ չի ընկնի:
««Ելք» խմբակցությունը ՀՀԿ-«Երկիր ծիրանի» խմբակցությունների քննարկուններին չի մասնակցի, «Ելք»-ը լքում է նիստերի դահլիճը», - ասաց Դավիթ Խաժակյանը: