19/03/2018 16:46
Զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի իրականացումը Հայաստանի ամենակարևոր պրակտիկ քայլերից է. Սերժ Սարգսյան
Զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի բարեհաջող իրականացումը Հայաստանի ամենակարևոր պրակտիկ քայլերից մեկն է, այսօր Պաշտպանության նախարարությունում ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպմանն ասել է ՀՀ նախագահ, ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:
«Ցանկացած պլանավորում և վերահսկողություն պաշտպանության նախարարությունում և գլխավոր շտաբում իրականացվում է ըստ յոթնամյա ծրագրի՝ լինի դա բյուջետային պլանավորում, պաշարների, մարդկային ռեսուրսների հաշվառում, թե այլ բան: Արդիականացվում է նաև կառավարման համակարգը: Կենտրոնական ապարատի կառուցվածքային փոփոխությունները պետք է միտված լինեն ոչ թե կրճատումներին, այլ գործառույթների հստակեցմանը, ինչպես նաև խնդիրների առավել արդյունավետ լուծմանը», - ասել է Սերժ Սարգսյանն` ընդգծելով.
«Զինված ուժերում ավտոմատ կառավարման համակարգի և տեղեկատվական տեխնոլոգիաների ավելի լայն ներդրումը համարում եմ աշխատանքի պարտադիր պայման»: