19/03/2018 14:49
Թրամփի դստերն ու փեսային տեղափոխող ուղղաթիռը օդանավակայան է վերադարձել շարժիչի չգործելու պատճառով
Ուղղաթիռը, որում գտնվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրն ու փեսան, արտահերթ վերադարձել է Վաշինգթոնի օդանավակայան, երբ թռիչքի ժամանակ խափանվել է շարժիչներից մեկը, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով CNN-ին:
Միջադեպը գրանցվել է մի քանի օր առաջ, սակայն հայտնի է դարձել միայն հիմա: Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Իվանկա Թրամփը և նրա ամուսին Ջարեդ Քուշները, որոնք ԱՄՆ նախագահի խորհրդականներն են, ուղղաթիռով Վաշինգթոնից Նյու Յորք էին ուղևորվում, սակայն թռիչքը սկսելուց հետո շարժիչներից մեկը շարքից դուրս է եկել: Օդաչուն որոշել է շտապ վերադառնալ Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայան:
CNN-ի տվյալով՝ վայրէջքը հաջող է կատարվել, տուժածներ չկան: Շարժիչի խափանման պատճառները հայտնի չեն: Զույգի պաշտոնական ներկայացուցիչը պատահարը ոչ մի կերպ չի մեկնաբանել: