19/03/2018 18:12
ՀՀ-ԵՄ պայմանագրում ամրագրված բոլոր կետերը կյանքի են կոչվելու՝ անկախ ԵՄ-ի հետ ՌԴ վատ հարաբերություններից. Խոսրով Հարությունյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նախագահի պաշտոնում վերընտրվելը գուցե նոր հորիզոններ չբացի երկկողմ հարաբերություններում, բայց «վերառեստարտ» կունենանք, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը։
«Այնտեղ նախագահ է ընտրվել, մեզ մոտ նշանակվելու է վարչապետ։ Նոր հորիզոններ գուցե չուրվագծվեն, բայց մենք դրական իմաստով «վերառեստարտ» ենք ունենալու, ինչը կարող է փոխհարաբերությունների ավելի բարձր փուլի բերել», - ասաց Հարությունյանը։
Անդրադառնալով Արմուտքի և ԱՄՆ-ի հետ ՌԴ լարված հարաբերություններին՝ Խոսրով Հարությունյանը նկատեց, որ տևական ժամանակ է Հայաստանը որպես պետական գործչի՝ Վլադիմիր Պուտինի հետ ձևավորված հարաբերություններ ունի և անգամ ՌԴ-Արմուտք, ՌԴ-Միացյալ Նահանգներ առճակատման ֆոնին կարողացել է գալ կոմպրոմիսների։
«Ես անկեղծ ցավ եմ ապրում, որ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները կառուցողական փուլ չեն տեղափոխվում, քանի որ դրանից ոչ ոք չի շահում, գլոբալ աշխարհը լարվածության նոր փուլում է հայտնվում։ Կարծում եմ, այդուհանդերձ, երկու կողմից էլ կհաղթի քաղաքական ողջամտությունը», - նկատեց նա։
Դիտարկմանը, թե շուտով ակնլալվում է ԵՄ-ի հետ համաձայնագրի վավերացում, մինչդեռ փորձագիտական շրջանակներում կան մտահոգություններ, որ ԵՄ-ի հետ ՌԴ ունեցած վատ հարաբերությունների պատճառով Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի հետ ևս կարող են փակուղի մտնել, Խոսրով Հարությունյանը չհամաձայնեց։
«Հավատացնում եմ՝ մեկը մյուսին չի խանգարում։ Եթե որևէ մի կետ հակադրվեր ԵԱՏՄ առջև մեր ստանձնած պարտավորություններին, ԵՄ-ն այդ փաստաթուղթը չէր վավերացնի։ Սա ակնհայտ է։ Փաստաթուղթը բավականին երկար բանակցվեց այն կոնտեքստում, որ եվրոպացի մեր գործընկները հարգեցին մեր ընտրությունը։ Եթե թեկուզ մեկ ենթատեքստ լիներ, որը հակասություններ կառաջացներ, այն ԵՄ-ի կողմից չէր ստորագրվի։ Մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ ԵՄ պայմանագրում ամրագրված բոլոր կետերը կյանքի են կոչվելու», - ասաց նա։
Խոսրով Հարությունյանը նաև ընդգծեց, որ ԵՄ-ի հետ փաստաթուղթը հնարավորություն է տալիս ՀՀ-ին նոր հնարավորություններ առաջարկել ԵԱՏՄ անդամ պետություններին. «Ժամանակը ցույց կտա, թե որքանով մեզ կհաջողվի իրականացնել այդ փաստաթղթում գրվածը»: