19/03/2018 15:31
Կարեն Կարապետյանն Արմավիրում անբավարար է գնահատել վճարովի ծառայությունների դիմաց մուտքերի ծավալները
Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 17-ին այցելել է Արմավիրի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:
Վարչապետը գոհունակություն է հայտնել Արմավիրի մարզում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներից և նշել.
«2017 թվականին սեփական եկամուտների աճը, որը դուք ապահովել եք՝ շատ լավն է, և պետք է շնորհակալություն հայտնենք մեր թիմին ու համայնքների ղեկավարներին: Բայց նաև հասկանում ենք, որ Արմավիրի մարզը մեր ամենահարուստ մարզերից մեկն է, և մենք ձեզ համար նախատեսել ենք 3 մլրդ 133 մլն դրամի սեփական եկամուտ՝ ելնելով այն բանաձևից և հայտանիշներից, որոնք ձևակերպել ենք միջին հանրապետական ցուցանիշներում: Այդ առումով, ձեր սեփական եկամուտների ցուցանիշը վերանայում եք, մանավանդ, որ ունենք հստակ հասցեներ, որտեղ ուշադիր պետք է լինեք: Դուք գիտեք, որ մենք հիմա սուբվենցիայի նոր կանոններ ենք սահմանել, և այն համայնքը, որը փող է դնելու՝ կանգնելու ենք նրա կողքը, որպեսզի ծրագրեր իրականացնի»:
Աշոտ Ղահրամանյանն ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտում մարզում վերջին տարիներին իրականցվում են մեծ ծավալի ջերմոցային, չորանոցային և սառնարանային տնտեսությունների, այգիների և վերամշակող արտադրամասերի հիմնման ծրագրեր:
«Օրերս գյուղնախարարն ինձ զեկուցել է այն ծրագրերը, թե պետությունն ինչով է աջակցելու անասնապահությանը, տոհմաբուծությանը: Ծրագրերը մոտավորապես նույն բովանդակությունն ունեն, ինչ գյուղատնտեսական մյուս ծրագրերը, եթե կաթիլային համակարգ ես դնում՝ 2 տոկոսային վարկ, եթե ինտենսիվ այգի՝ հինգ տոկոսային, եթե գյուղտեխնիկա ես ձեռք բերում՝ երկու տոկոսային, եթե մթերում ես անում՝ երեք տոկոսային և այլն: Նույն կերպ մենք սուբսիդավորման համակարգ ենք ստեղծելու անասնապահության և տոհմաբուծության համար», - ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն զեկուցել է, որ շատերն են օգտվում նշված ծրագրերից և արդեն իսկ սկսել են տարբեր ծրագրեր իրականացնել:
«Մենք չափազանց շահագրգռված ենք, որպեսզի նրանք լինեն հաջողակ, մենք այս ալիքը ցանկանում ենք բարձրացնել, որպեսզի ծնվեն հաջողակ գյուղատնտեսներ, որոնք համապատասխան «վարակ» կտարածեն, որպեսզի բիզնեսը զարգանա», - նշել է կառավարության ղեկավարը:
Առողջապահության ոլորտի պատասխանատուները տեղեկացրել են, որ մարզպետարանի ենթակայության 5 բժշկական կենտրոնների ֆինանսավորումը կազմել է 1 մլրդ 978 մլն 635 հազար դրամ, վճարովի ծառայություններից մուտքերը՝ 338 մլն 889.8 հազար դրամ: Վճարովի ծառայություններից մուտքերը պետական պատվերի նկատմամբ կազմել է 17.1%: Վճարովի ծառայությունները 2016-ի համեմատ ավելացել է 26.7 մլն դրամով կամ աճել է 8.6%-ով: Ընթացիկ տարում նախատեսվում է, որ վճարովի ծառայություններից կանխատեսվող մուտքերը կկազմեն 462 մլն դրամ:
Կարեն Կարապետյանն անբավարար է գնահատել վճարովի ծառայությունների դիմաց մուտքերի ծավալները և հանձնարարել վերանայել ակնկալիքները: Միաժամանակ, վարչապետը հորդորել է ակտիվորեն քննարկել տարբեր բուժկենտրոններ կոնցեսիոն կառավարման հանձնելու հնարավորությունը: