19/03/2018 16:23
Մի´ ընդհատեք, որ խոսում եմ. ԱԺ հանձնաժողովի նիստում Կոստանյանն ու Մարուքյանը վիճեցին
Այսօր ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, երբ քննարկվում էին ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքում Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կողմից ներկայացված փոփոխությունները, նույն հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն ու հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը փոքրիկ վիճաբանություն ունեցան։
Նշենք, որ Դաշնակցությունն այս փոփոխությամբ առաջարկում է, որ խմբակցությունը ԱԺ յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում ունենա առնվազն մեկ պատգամավոր ներկայացնելու իրավունք:
«Նախորդ գումարման ժամանակ նման փորձ եղել է: Եթե նիստերը տեղի են ունեցել միաժամանակ՝ պատգամավորը պարտավոր է ցույց տալ, որ որևէ նիստի մասնակցել է: Եթե նիստերն իրար վրա են ընկել, պատգամավորը պարտավոր է մեկ նիստի մասնակցել, եթե չի ընկել, պատգամավորը պարտավոր է երկու տեղն էլ մասնակցել», - ներկայացրեց Արմեն Ռուստամյանը և անմիջապես էլ հավելեց. «Չեմ ասում՝ ինչ բերել եմ՝ անփոփոխելի է, քարի վրա գրված բան է։ Ես պատրաստ եմ քննարկել ցանկացած ողջամիտ առաջարկություն»։
Նախագծի հարակից զեկուցող Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ փաստաթուղթը քննարկել են և համարում են կարևոր նախագիծ։ Բայց նրա խոսքով՝ կա մի բաց. «Խոսքը վերաբերում է նրան, որ ԱԺ-ում կայուն մեծամասնություն ունեցող ուժը համամասնորեն պետք է ունենա ավելի շատ անդամներ հանձնաժողովներում, իսկ այս փոփոխության դեպքում համամասնությունը խախտելու վտանգ է առաջանում»։
Այդուհանդերձ, պաշտոնյան նկատեց, որ իրենք կարող են քննարկել և ներդնել այնպիսի մեխանիզմ, որ բոլոր ուժերը ներկայացված լինեն հանձնաժողովներում։
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիշեց նախորդ գումարման խորհրդարանը և ասաց, որ ինքն ամենաակտիվ պատգամավորն է եղել, աշխատել է երեք հանձնաժողովներում և եթե նույն ժամին են եղել դրանց նիստերը, ապա անպայման դրանցից մեկին մասնակցել է։ Անդրադառնալով հանձնաժողովներում համամասնության հնարավոր խախտմանը, ըստ Մարուքյանի, այն չի խախտվում։
«Ես ուզում եմ ձեզ հիշեցնել այսպես կոչված բարեփոխված Սահմանադրությունը, որով մեծ դեր էր տրվում ԱԺ հանձնաժողովներին և ասվում էր, որ խորհրդարանում հիմնական դեբատը տեղափոխվում է հանձնաժողովներ։ Բայց ոնց որ էդպես չի, ոնց որ չեք ուզում հանձնաժողովներում մարդիկ աշխատեն։ Գտնում եմ, որ համամասնությունը չի խախտվել, որովհետև ՀՀԿ-ն այնքան մանդատ է ստացել, ժողովուրդն այնքան ձայն է տվել ՀՀԿ-ին, որ անարգել կարող են աշխատել: Բայց եթե խախտվում է, որևէ խնդիր չեմ տեսնում։ Թիվ ավելացրեք, եթե մարդիկ կուզենան, թող աշխատեն։ Փոքրաթիվ խմբակցություններն իրենց գիտելիքները կօգտագործեն: Հիմա ինչո՞ւ ես չպետք է իմ գիտելիքներն օգտագործեմ ասենք՝ պաշտպանության հանձնաժողովում։ Չեմ կարող, որովհետև Կանոնակարգը սահմանափակում է։ Մենք կողմ ենք այս իրավակարգավորմանը, որևէ հակասություն չկա։ Ավելին, մենք առաջարկելու ենք, որ այս առաջարկությունը տարածվի նաև «Ելք»-ի վրա, որովհետև «Ելք»-ն էլ փոքրաթիվ է: ՀՀԿ-ի իրավունքները չեն կարող ոտնահարվել, իսկ մերը ոտնահարվում է», - իրենց դիրքորոշումը ներկայացրեց «Ելք»-ի պատգամավորը։
Այս պատգամավորի մյուս դժգոհությունն այն էր, որ նախագծի վերաբերյալ դիրքորոշում է հայտնում կառավարության ներկայացուցիչը՝ ի դեմ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանի։ Պատգամավորի խոսքով, եթե հարցը վերաբերում է ԱԺ կանոնակարգ օրենքին, ապա խորհրդարանական կառավարմամբ երկրում կառավարությունը չի կարող միջամտել այդ հարցին։
«Դա մեր գործն է, մեր կանոնակարգն է։ Այդպես եղել է նաև նախորդ գումարման խորհրդարանում», - ասաց Մարուքյանը։
Ի պատասխան ԱԺ Պետական-իրավական հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հակադարձեց՝ նկատելով, որ պետք է աշխատել ոչ թե սովորույթի համաձայն, այլ՝ կարգի։
«Մենք սովորույթով չենք ղեկավարվում։ Պարոն Մարուքյան, դուք իրավաբան եք և կարծում եմ, ավելորդ է այդ հարցում վիճել։ Մենք ղեկավարվում ենք օրենքով և ոչ թե սովորույթով», - հակադարձեց Կոստանյանը՝ հորդորելով իրավական հարցերի շուրջ սովորույթի սկզբունքով քննարկում չանել։
Սակայն Մարուքյանը իր հերթին անպատասխան չթողեց և հետաքրքրվեց. «Պառլամենտարիզմը սովորույթո՞վ է, թե՞ օրենքով»։
«Պառլամենտարիզմը Սահմանադրությունից է սկսվում, բայց եթե ուզում եք, եթե կարիք ունեք մանրամասների, առանձին կքննարկենք», - արձագանքեց Կոստանյանը։
Հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը, տեսնելով, որ պատգամավորների միջև վեճը շարունակվելու է, փորձեց դադարեցնել այն, սակայն Կոստանյանը «չենթարկվեց». «Ներողություն էլի, տիկին Հովհաննիսյան ...»։
Էդմոն Մարուքյանը Կոստանյանին ասաց, որ մանրամասների կարիք չունի և վրդովվեց, որ հանձնաժողովի նախագահը մեկնաբանում է իր ելույթը. «Ի՞նչ հիմքով եք մեկնաբանում իմ ելույթը»։ Սակայն երբ Կոստանյանն ասաց, որ նախագահի իրավունքով է մեկնաբանում պատգամավորի ելույթը, Մարուքյանն ավելի վրդովվեց. «Իմ ելույթը մի մեկնաբանեք։ Ես ընդամենը իմ կարծիքն եմ ասել՝ նշելով, որ ավանդույթի համաձայն այսպես է եղել նախորդ գումարման խորհրդարանում»։
Բանավեճն այնքան ձգվեց, որ Կոստանյանը մի քանի անգամ Մարուքյանին ստիպված եղավ հորդորել չընդհատել իրեն խոսելիս։ Այդուհանդերձ, իրավիճակը փրկելու համար ելույթի իրավունք խնդրեց Արփինե Հովհաննիսյանը և նրա խոսքի ժամանակ միայն պատգամավորների միջև վեճը դադարեց։
Նկատենք, որ Դաշնակցության ներկայացրած նախագծի վերաբերյալ ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը որոշեց այսօր մինչև ժամը 17։00-ն ներկայացնել օրինագծի լրամշակված տարբերակը։