19/03/2018 18:26
Միջազգային պայմանագրերն ընդունելու ձևերը փոխվում են. ոլորտը կհամակարգի վարչապետը
2015 թվականին Սահամանադրական բարեփոխումների արդյունքում փոփոխված հերթական օրինագիծն է կառավարությունը ներկայացրել խորհրդարան, որը կարգավորում է միջազգային պայմանագրերի վավերացման ոլորտը։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում Միջազգային պայմանագրերի մասին օրենքը և կից օրենսդրական փաթեթը ներկայացնելիս արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը տեղեկացրեց, որ օրինագիծը հրատապ է ներկայացվել ԱԺ, քանի որ այն պետք է ուժի մեջ մտնի ապրիլի 9-ին՝ նոր նախագահի պաշտոնն ստանձնելու օրը։
Քոչարյանն ասաց, որ եթե ներկայումս միջազգային պայմանագրերի ոլորտը համակարգում էր Հանրապետության նախագահը, ապա ապրիլի 9-ից հետո այդ գործառույթը կստանձնի կառավարությունը՝ ի դեմս վարչապետի։
Նոր փոփոխություններով նախագահի կողմից միջազգային պայմանագրերի վավերացումը, կասեցումը, դադարեցումը կատարվում է միայն կառավարության առաջարկի հիման վրա։ Միջազգային պայմանագրերի վավերացման ենթակա լինելու չափանիշները համապատասխանեցվել են Սահմանադրության պահանջներին։
«Եթե նախկինում Սահմանադրությունը տարանջատում էր՝ պետական, միջպետական, կառավարական, միջգերատեսչական և այլն, ապա հիմա կա երկու չափանիշ՝ միջազգային համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ ազգային ժողովի կողմից կամ հաստատման ՀՀ նախագահի կողմից», - ներկայացրեց Քոչարյանը։
Փոխնախարարն ասաց նաև, որ սահմանվել է, որ վերպետական միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցությունը ինչպես նաև ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով միջազգային պայմանագրերի կնքման հարցերը պետք է լուծվեն հանրաքվեի միջոցով։
Այս օրինագծով միջազգային պայմանագրի սահմանադրականության հարցը որոշելու համար ՍԴ դիմելու է ոչ թե ՀՀ նախագահը, այլ կառավարությունը։ Սահմանվել է նաև միջազգային պայմանագրերը չեղարկելու կարգ։
Օրինագիծը դրական եզրակացություն ստացավ և առաջին ընթերցման ռեժիմով ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստի օրակարգ։