19/03/2018 16:31
ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին նշանակելու է նախագահը. Սերժ Սարգսյան
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին նշանակելու է ՀՀ նախագահը` վարչապետի առաջարկությամբ, այս մասին այսօր ՊՆ-ում ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպմանն ասաց ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար, նախագահ Սերժ Սարգսյանը, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:
Նրա խոսքով` Հայաստանի առաջնահերթ խնդիրն է պաշտպանության քաղաքականությունը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթներով պայմանավորված բարեփոխումներին:
«Սահմանադրության համաձայն փոփոխության է ենթարկվում Հայաստանի զինված ուժերի կառավարման ուղղահայացը՝ ստանալով վարչապետ-անվտանգության խորհուրդ-կառավարություն-պաշտպանության նախարար-գլխավոր շտաբի պետ տեսքը: Զինված ուժերի քաղաքացիական կառավարումը և վերահսկումը ևս պետք է հարստացվեն նոր բովանդակությամբ», - ասել է Սերժ Սարգսյանն` ընդգծելով.
«Սակայն սա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետության նախագահը չի ունենալու դերակատարություն պետության կարևոր ինստիտուտներից մեկի՝ զինված ուժերի կյանքում: Վարչապետի առաջարկությամբ նա նշանակելու է Հայաստանի զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձին՝ գլխավոր շտաբի պետին, այլ պաշտոնատար անձանց, ինչպես նաև շնորհելու է բարձրագույն զինվորական կոչումները»:
Նրա խոսքով` արդեն իսկ զգալի աշխատանքներ են իրականացվել պաշտպանության ոլորտի օրենսդրությունը վերանայելու ուղղությամբ, սակայն այդ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ:
«Մենք պետք է ոչ միայն լավ օրենքներ ու ենթաօրենսդրական ակտեր գրենք, այլև լավագույնս իրականացնենք դրանք: Այս երկուսի միջև խզում կամ, առավել ևս, թերացում չպետք է լինի», - ասել է ՀՀ նախագահը: