19/03/2018 16:43
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների առաջընթացի վերաբերյալ դրական լուրեր չկան. Սերժ Սարգսյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ բանակցությունների առաջընթացի մասին դրական լուր չունի, այս մասին նախագահ, ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հայտարարել է Պաշտպանության նախարարությունում` ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:
«Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության առաջնահերթ խնդիրն է: Մեր դիրքորոշումն անփոփոխ է: Դրա մասին վերջերս բազմաթիվ առիթներ եմ ունեցել խոսելու տարբեր, նաև՝ ամենաբարձր միջազգային ամբիոններից: Ասածներս կրկնելու իմաստը չեմ տեսնում: Միևնույն ժամանակ, բանակցությունների առաջընթացի մասին դրական լուրով ձեզ հետ կիսվել, ցավոք, չեմ կարող:
Մի բան ակնհայտ է՝ մենք շարունակելու ենք բանակցությունները և մեր գործընկերային շփումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, քանի որ հենց նրանք են միջազգային հանրության կողմից լիազորվել՝ միջնորդ լինելու հակամարտող կողմերի միջև և օժանդակելու հարցի խաղաղ հանգուցալուծման մշակմանը», - ասել է Սերժ Սարգսյանն ընդգծելով` «հիմնական պատասխանատվությունը հենց հակամարտող կողմերի վրա է, և մենք մեր բաժինը այդ գործում միշտ քաջ գիտակցել ենք»:
Սերժ Սարգսյանը նշել է` սա է պատճառը, որ հայկական բանակը եղել է, կա և լինելու Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնական գործոնը:
«Բաքվից անընդհատ հեղեղվող սպառնալիքների պարագայում զինված ուժերը մեր հենարանն ու կռվանն են: 2016 թվականի ապրիլյան գործողությունները հակառակորդի կողմից ուժերի հարաբերակցությունը ստուգելու խոշոր փորձ էր: Նրանք, իհարկե, այդ փորձը տանուլ տվեցին: Առկա պայմաններում մեր խնդիրն է պահպանել դիրքավորման կոնֆիգուրացիան: Ավելին, մենք պետք է հետևողական աշխատենք և մշտապես պատրաստ լինենք հակադարձելու ուժերի հավասարակշռությունը խախտելու հակառակորդի բոլոր` խոշոր և մանր փորձերին», - ասել է ՀՀ նախագահը:
Նա նշել է, որ հայկական կողմը բազմիցս ցույց է տվել հակառակորդին և պետք եղած դեպքում կրկին ցույց կտա ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու անհեռանկարայնությունը:
«Եվ ամեն անգամ որքան գրագետ, որքան ցավալի պատասխան կարողանանք նրանց տալ, այնքանով մենք այդ մտայնությունը նրանց գիտակցության մեջ կամրապնդենք: Մեր հետևողական աշխատանքի հիմնական նպատակն է լինելու հակառակորդի մեջ հենց այդ գիտակցության ամրապնդումը», - ամփոփել է ՀՀ նախագահը: