19/03/2018 17:21
Սպառազինության մատակարարման առումով Ռուսաստանը մեր հիմնական գործընկերն է, բայց օգտագործելու ենք նաև այլ հնարավորություններ. Սերժ Սարգսյան
Հայկական Զինված ուժերն իրենց ձեռքի տակ ունեն և մշտապես ունենալու են անհրաժեշտ միջոցներ՝ անհրաժեշտ պահին հակառակորդին զսպելու համար, այսօր ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահ, ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարսգյանը:
Նա ընդգծել է` սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումն ընթանում է ըստ պետական ծրագրի:
«Այս հարցում մեր հիմնական դաշնակիցը և գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է, որն այսօր աշխարհում սպառազինության խոշորագույն մատակարարներից մեկն է, և որի հետ մենք ունենք հստակ պայմանավորվածություններ։ Դրանք մեզ հնարավորություն են տալիս ամենամրցակցային պայմաններով ձեռք բերելու արդիական սպառազինություն: Այլ հնարավորություններ մենք, իհարկե, նույնպես օգտագործելու ենք՝ հաշվի առնելով տարբեր երկրների հետ համագործակցության մեր հեռանկարները», - ասել է ՀՀ նախագահը:
Նա հիշեցրել է, որ սպառազինությունների մրցավազքում հայկական կողմը վարում է ոչ թե քանակին քանակով հակադարձելու քաղաքականություն, այլ շեշտը դնում է սպառազինության արդյունավետության վրա:
«Երբ մենք խոսում ենք հակառակորդի զսպման մասին, բնական է, որ դա չի նշանակում հարձակումը կասեցնել, դա ավելին է նշանակում՝ ամեն պահի հասցնել այնպիսի հակահարձակողական հարվածներ, որպեսզի նրանք այլևս ցանկություն չունենան խախտելու դեռևս 1994-95թթ. ստորագրած պայմանագրի պարտավորություններն ու դրույթները», - ամփոփել է Սերժ Սարգսյանը: