19/03/2018 13:37
Իջևանի «ՍՕՍ մանկական գյուղ»-ը կսկսի օգտվել այլընտրանքային էներգիայի աղբյուրներից
Իջևանի «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամը Հայաստան համահայկական հիմնադրամի և Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի կողմից համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում կունենա արևային էներգիայի ստացման «կանաչ» աղբյուրներ, տեղեկացնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:
«ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամի տարածքում արդեն սկսվել են 500լ տարողունակությամբ թվով 14 արևային ջրատաքացուցչի տեղադրման աշխատանքները։
Այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման արդյունքում Իջևանում գործող ՍOՍ մանկական գյուղը ոչ միայն 100%-ով կկրճատի ջրի տաքացման համար իրականացվող ծախսերը, այլև էականորեն կնվազեցնի շրջակա միջավայր ածխաթթու գազերի արտանետումը։
Ծրագիրն իրականացվում է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի և Հայաստան համահայկական հիմնադրամի համագործակցության արդյունքում թողարկվող «VISA Բարերար» քարտերով կուտակված միջոցներով։
Արևային ջրատաքացուցիչների համակարգի տեղադրման աշխատանքների ավարտից հետո կսկսվի ֆոտովոլտային կայանի կառուցումը։
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը «VISA Բարերար» քարտերից ստացված եկամտի մի մասը փոխանցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամ. կուտակված ֆինանսական միջոցներով պարբերաբար իրականացվում են բարեգործական խոշոր ծրագրեր։