19/03/2018 16:00
Կառավարությունը հստակ պատկերացնում է` ինչպես ենք փոխելու մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը. Կարեն Կարապետյան
ՀՀ կառավարությունը բարեփոխումներ է նախաձեռնել բոլոր ոլորտներում՝ տարածքային կառավարում, հակակոռուպցիոն քաղաքականություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հարկային, մաքսային ոլորտ, Հայաստանի թվային օրակարգ և այլն: Այսօր Պաշտպանության նախարարությունում ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից:
«Մենք ունենք չափազանց հետաքրքիր և հեռանկարային շանս՝ Հայաստանում թռիչքային աճ ապահովելու համար: Մոտակա 4-5 տարվա այն տնտեսական աճը, որը մենք տեսնում ենք, մեզ հնարավորություն է տալու երկարատև ֆունդամենտալ ռեֆորմներ անել: Այդ ռեֆորմները շատ դեպքերում պոպուլյար չեն լինում, շատ դեպքերում ընդդիմախոսների քանակը շատ է լինում, և այս փոքր հաջողություններն ունենալու պարագայում դրանց իրականացումն ավելի հեշտ է լինելու: Մենք ունենք նաև ունիկալ հնարավորություն այն առումով, որ լինելով 3 մլն բնակչությամբ ոչ մեծ երկիր՝ կարողացել ենք ձևավորել մի հարթակ, որտեղ համատեղելի են դարձել շատ դեպքերում անհամատեղելի բաներ», - ասել է կառավարության ղեկավարը:
Կարեն Կարապետյանը նշել է, որ ներկայում ընթացքի մեջ են Հայաստանի զարգացման ծրագրի մշակման աշխատանքները, որտեղ դրված են այն թիրախները, որոնց մասին հայտարարել է երկրի նախագահը Ազգային ժողովում իր ելույթում.
«Դրա հիմքը կառավարության զարգացման 5-ամյա ծրագիրն է: Պետք է արձանագրել, որ դրվել է բավական ամբիցիոզ նշաձող, բայց այն թիմը, որն ամեն օր աշխատում է այս ծրագրի վրա, ավելի քան համոզված է, որ մենք դա կարողանալու ենք անել», - ընդգծել է վարչապետը:
Անդրադառնալով իր մարզային այցելություններին` կառավարության ղեկավարը դրանք որակել է արդյունավետ:
«Ճիշտ է, բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, բայց հիմա արդեն մեծ բավականություն ենք ստանում նրանից, թե մեր մարզային թիմերն ինչպես են պատկերացնում իրենց առջև դրված խնդիրները: Մենք մարզերում թվայնացրել և գույքագրել ենք կառավարման առկա ողջ սուբյեկտը՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ, սեփական եկամուտներ, աղբահանության գործընթաց, առողջապահության վճարովի ծառայություններ, կրթական համակարգ, և երբ այդ ողջ համակարգը թվայնացնում ենք, չեք պատկերացնում՝ ինչքան խնդիրներ կան, որոնք մակերեսին են և անմիջապես լուծվում են», - ասել է կառավարության ղեկավարը:
Ամփոփելով ելույթը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը հավաստիացրել է, որ «կառավարությունը հստակ պատկերացնում է` ինչպես ենք մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը փոխելու»:
«Հստակ հասկանում ենք, որ ունենալու ենք լավ, տրամաբանական զարգացող և արդար երկիր: Ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել ձեր ծառայության համար և նաև մասամբ վստահություն փոխանցել, որ այն գործը, որ դուք անում եք, մենք՝ բոլորս, չափազանց բարձր ենք գնահատում: Չափազանց կարևորագույն գործառույթ է, առանց որի մեր երկիրն ապագա չունի, և թիկունքում մենք ապահովելու ենք այն տնտեսական գործոնները, սոցիալ-տնտեսական զարգացումները, որպեսզի դուք հանգիստ լինեք, որ հետևում էլ կանգնած մարդիկ կան, որոնք իրենց բաժին բեռն էլ իրենց վրա են վերցրել», - ասել է վարչապետը: