20/03/2018 11:12
Փոքր բանից մեծ աղմուկ բարձրացավ. Երվանդաշատի համայնքապետ
Նախօրեին «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակում էր եղել, որ ՌԴ սահմանապահ զորքերի «Երվանդաշատ» ուղեկալում 3-4 հոգի սահմանային գոտու ռեժիմի խախտում են կատարել։
Aysor.am-ի հետ զրույցում Երվանդաշատ համայնքի ղեկավար Հովնան Ավետիսյանն ասաց, որ իր համագյուղացիները դաշտում աշխատելիս տեսել են վայրի խոզերին, ցանկացել են որսալ.
«Մինչև գնացել, հրացանը բերել են տանից, խոզն արդեն հեռացել է այն տեղից, որտեղ սկզբնական շրջանում տեսել են։ Տղաներն էլ փորել-անցել են սահմանը՝ խոզին կրակելու համար։ Անցնելիս կպել են սահմանի փշալարերին, սահմանապահների մոտ ահազանգը հնչել է, եկել, բռնել են»։
Հովնան Ավետիսյանն ասաց, որ երկուսը հասցրել են փախչել, մեկը մնացել է տեղում։
«Մի ամբողջ գիշեր փնտրելուց հետո այդ երկուսին հազիվ հայտնաբերեցինք։ Ես անմիջապես ոստիկանների հետ եմ աշխատել՝ սահմանախախտներին հայտնաբերելու համար։ Հայտնաբերելուց հետո արդեն սահմանապահ զորքերն արձանագրություն են կազմել, սահմանախախտներին հանձնել են մեր ոստիկաններին։ Ըստ այդ արձանագրության էլ մեր ոստիկանները նայում են, թե ինչպիսի խախտում է, և կատարում են հետագա գործողությունները», - ասաց Հովնան Ավետիսյանը։
Թեև այսպիսի դեպքերը հաճախ չեն լինում, բայց դրանք բացառել էլ հնարավոր չէ։
«Թուրքիայի սահմանին ենք ապրում, և որսն այնպիսի գայթակղություն է, որ մարդը կենդանուն տեսնելիս կարող է սահմանն էլ խախտի։ Խախտումներն էլ սեզոնային է, հնարավոր է՝ անցնեն ձուկ բռնելու, սակայն հիմա հսկողությունն ավելի է ուժեղացել և նման դեպքեր գրեթե չեն լինում», - նշեց համայնքապետը։
Թերթի հետ զրույցում Հովնան Ավետիսյանն ասել էր, թե տեղի ունեցածը թեթև միջադեպ է, և «լրագրոգրողներ ու ոստիկաններն են շոու անում»։
«Էնքան նյարդայնացած եմ եղել, որ նույնիսկ չեմ հիշում, թե ինչ եմ ասել։ Փոքր բանից մեծ աղմուկ բարձրացավ. ոչ ոք չի հետախուզվել, ինչպես կայքերն էին գրել, ոչ ոք Թուրքիա չի անցել։ Պարզապես այդ խառնաշփոթ իրավիճակում լրագրողները պարբերաբար զանգում էին, թե՝ քանի մարդ է անցել Թուրքիա, իրենց ընտանիքներն ինչ վիճակում են, քանի երեխա ունեն, սոցիալապես ինչ վիճակում են ապրում և այլն։ Շոու ասելով նկատի եմ ունեցել այդ խառնաշփոթ վիճակը», - ասաց Հովնան Ավետիսյանը։