20/03/2018 13:12
Եթե յուրաքանչյուր ամիս 500 հազար մարդ «FUND100» հիմնադրամին 100 դրամ փոխանցի, ամսական հնարավոր կլինի փրկել երկու երեխայի կյանք
Աշխարհի զարգացած երկրներում քաղցկեղով հիվանդ երեխաների 85-90%-ը, իսկ Հայաստանում՝ 65-70%-ը, բուժվում է հիվանդության տարբեր փուլերում։
Մանկական քաղցկեղն ամենևին էլ դատավճիռ չէ, այն բուժելի ախտորոշում է. պարզապես անհրաժեշտ է ճիշտ ժամանակին համապատասխան գումարի առկայությունը: Այդ գումարները կարող են ձևավորվել յուրաքանչյուրիս նույնիսկ փոքր ներդրման շնորհիվ:
Մի թերագնահատեք հավաքական ուժի զորությունը. ահա այսպիսի խոսքերով է դիմավորում այցելուներին «Ֆոնդ 100» կայքը, որը ներկայացնում է հանուն երեխաների առողջ ապագայի նախաձեռնության աշխատանքը: Երեք տարի առաջ՝ 2015 թվականին, «100 դրամ՝ հանուն երեխաների առողջ ապագայի» կարգախոսով «Ֆոնդ 100» բարեգործական հիմնադրամը սկսեց իր նախագիծը. նպատակն էր միավորել բարեսիրտ ու հոգատար մարդկանց՝ քաղցկեղով հիվանդ երեխաներին աջակցելու համար:
«Եթե յուրաքանչյուր ամիս 500 հազար մարդ հիմնադրամին ընդամենը 100 դրամ փոխանցի, ապա ամսական հնարավոր կլինի փրկել երկու երեխայի կյանք», - նշում է հիմնադրամի նախագահ, «Ստատուս ընդ Կո» ընկերության հիմնադիր Տիգրան Բալոյանը:
Այս երեք տարվա ընթացքում հիմնադրամի օգնությամբ և մասնակցությամբ բուժում է ստացել 15 երեխա, որոնցից վեցն արդեն կազդուրվել են, ութը դեռևս գտնվում են բուժման փուլում, իսկ մեկ երեխայի կյանք, այնուամենայնիվ, չհաջողվեց փրկել:
Բարեգործական այս նախագծին անմասն չեղավ նաև «Ռադիո ՎԱՆ» ընկերությունը, որն, անցկացնելով Van Music Awards ամենամյա մրցանակաբաշխությունը, այս տարի ողջ հասույթը տրամադրեց «Ֆոնդ 100»-ին: Ինչն էլ պատահական չէր, քանի որ, բացի Տիգրդան Բալոյանից, նախագածի հիմնադիրներն են ռադիո ՎԱՆ-ի բազմամյա սիրված հաղորդավարներ Լուսինե Բադալյանը (Լուլու), Գոռ Գրիգորյանը (Գլումովը), Հակոբ Պապիկյանը (Ժակ), Արամ Կարախանյանը:
Պաշտոնական կայքի f100.am միջոցով հիմնադրամն ապահովում է աշխատանքի թափանցիկությունը:
f100.am կայքում հրապարակվում են հոգաբարձուների խորհրդի բոլոր որոշումները, բժիշկների եզրակացությունները, փոխանցված գումարի քանակն ու բոլոր տեսակի ծախսերի հաշվետվություններն ու փաստաթղթերը: