20/03/2018 12:46
Տրանսպորտի նախարարը չինական ընկերության հետ քննարկել է «Հյուսիս- հարավ» ծրագրի ընթացքը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է «Powerchina International Group Limited «ընկերության փոխնախագահ Դինգ Ժենգուոյի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարը ներկայացրել է իր նկատառումները «Powerchina International Group Limited» -ի կազմում ընդգրկված «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության վերաբերյալ, որն իրականացնում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարությունը։
Վահան Մարտիրոսյանը անդրադարձել է նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, դրանց լիարժեք, ժամանակին և ամբողջ ծավալով կատարմանը, նաև ընդգծել կառուցվող ճանապարհի կարևորությունը։
Դինգ Ժենգուոն վստահեցրել է, որ ընկերությունն ունի բոլոր հնարավորությունները ճանապարհի կառուցման աշխատանքները ստանձնած պարտավորությունների շրջանակներում իրականացնելու համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ճանապարհի կառուցման տեխնիկական մի շարք խնդիրներ, ընդգծվել է այն բարձր որակով սահմանված ժամկետների շրջանակներում կառուցելու անհրաժեշտությունը։