20/03/2018 12:43
Արցախում Երիտասարդ ֆրանկոֆոնների խորհրդարան է կազմավորվելու
Արցախի Հանրապետությունն այսօր դե ֆակտո կայացած պետություն է` ձևավորված պետական կայուն ժողովրդավարական համակարգով ու ենթակառուցվածքներով, զարգացող տնտեսությամբ, ասել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում:
«Սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս կարգավորված չէ: Մենք բազմիցս ենք հայտարարել, որ այն կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով, մարդու հիմնարար իրավունքների, ինչպես նաև ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի հիման վրա: Անհնար է Արցախը պատկերացնել Ադրբեջանի կազմում, որտեղ հայատյացությունը դարձել է պետական քաղաքականություն», - նշել է նա:
Ա.Բաբլոյանի խոսքով, Արցախի Հանրապետության` դեռևս ճանաչված չլինելը չպետք է խոչընդոտ հանդիսանա այնտեղ ապրող մարդկանց իրավունքների իրացման համար:
«Մարդու իրավունքների և դրանց առնչվող արժեքների ամրապնդումը Ֆրանկոֆոնիայի գերակայություններից է: Հավատարիմ մնալով այդ և Ֆրանկոֆոնիայի մյուս արժեքներին, այդ թվում` խաղաղությանը, ժողովրդավարությանը՝ Արցախի Հանրապետությունը շարունակաբար քայլեր է ձեռնարկում զարգացնելու Ֆրանկոֆոնիան Արցախի տարածքում: Դրան նպաստում են նաև տարբեր երկրներ ներկայացնող ֆրանսախոս խորհրդարանականների այցերն Արցախ», - ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահը:
Նա ասել է նաև, որ ՀՀ Ազգային ժողովի ֆրանկոֆոնիայի սեկցիայի աջակցությամբ և Արցախի խորհրդարանի ղեկավարության ակտիվ մասնակցությամբ աշխատանքներ են ընթանում Արցախում Երիտասարդ ֆրանկոֆոնների խորհրդարանի կազմավորման ուղղությամբ, ինչը նույնպես կնպաստի ֆրանսերենի, լեզվա-մշակութային բազմազանության տարածմանը: