20/03/2018 10:23
Դավիթ Տոնոյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ԱՌԿ մասնագետ և առաջադրանքի թիմի ղեկավար Տաֆաձվա Դուբեի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստանի համար աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի» շրջանակներում ՀՀ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության և ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայություններում իրականացված և ընթացքում գտնվող աշխատանքներն ու դրանց արդյունքները:
ՀՀ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայությունում Համաշխարհային բանկի փորձագիտական խմբի կողմից ներկայացված ծառայության արդիականացման և բարեփոխման ճանապարհային քարտեզի հիման վրա իրականացվում է տեխնիկական վերազինում, կառավարման համակարգի բարելավում, կադրերի վերապատրաստում: Արդիականացման արդյունքում էականորեն բարելավվել է Հիդրոմետ ծառայության շահառուներին տրամադրվող ծառայությունների որակը: ԱԻ նախարարը շեշտել է, որ Հիդրոմետ ծառայության դերակատարումը աղետների ռիսկի նվազեցման ոլորտում չափազանց կարևոր է, քանի որ ճիշտ կանխատեսումները ապահովում են գյուղատնտեսության ոլորտի անխափան ֆունկցիոնալությունը:
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության կողմից ծրագրի շրջանակներում մշակվել են հանրապետության «Սեյսմիկ վտանգի» և «Սեյսմիկ գոտիավորման» քարտեզներ, որոնցում ներառված է երկրի յուրաքանչյուր համայնքի սեյսմիկ վտանգի մանրամասն նկարագիրը: Քարտեզները հնարավորություն կտան թարմացնելու կառուցապատման նորմերը և ցանկացած վայրում կառուցապատում իրականացնելիս հստակ հաշվարկել սեյսմիկ ռիսկերը: